ԱՄՆ-ի թուրքերը ստորագրահավաք են անցկացնում Համբիկ Սասունյանին ներում շնորհելու գործընթացը կանխելու համար
ԱՄՆ Թուրք-ամերիկյան միությունների դաշնությունը (ԹԱՄԴ) շարունակում է ստորագրահավաք անցկացնել, որով Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունին կոչ է արվում խոչընդոտել 1982թ. Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ներում շնորհելու գործընթացին: Ըստ թուրքական «Turkishny» կայքի` նշյալ հայտարարությունը տեղադրված է Change.org կայքում:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. դեկտեմբերի 14-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշվել էր Համբիկ Սասունյանին ներում շնորհելու դիմումը բավարարել: Որոշումը պետք է ուժի մեջ մտնի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից վավերացվելուց հետո:
Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյան (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ:
1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը: