Սպանության բացահայտում Գյումրիում. կասկածյալը հայտնաբերվել և խոստովանական ցուցմունք է տվել
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 5-ին, ժամը 10.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում մահացած մարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել էր 1940 թ. ծնված Ստեփան Մարկոսյանի դիակը:
Դիակի արտաքին զննությամբ ձախ թևատակի և սրտի հատվածում հայտնաբերվել էին կտրած-ծակած թափանցող վերքեր:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական լայնածավալ ու հմուտ միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 16.10-ին, բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Հարություն Պ.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք, որ նույն օրը, ժամը 5-ի սահմաններում, Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 11 հասցեում, վիճաբանության ժամանակ, Ս. Մարկոսյանին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է ինքը:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հարություն Պ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն