
Արթիկի քաղաքապետի տեղակալ «Շակալը» ժուչոկ է դրել մանկապարտեզի տնօրենի սենյակում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հետընտրական կրքերը չեն հանգստանում: Սկանդալային իրավիճակների մեջ են հայտնվել մանկապարտեզների որոշ տնօրեններ: Ապրիլի 25-ին Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակից հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց մանկապարտեզի տնօրենը:
«Բացեցինք սարքը, տեսանք, որ մեջը «Վիվասելի» քարտ կա, կարմիր լույսը միացված: Մենք քարտը հանեցինք, դրեցինք հեռախոսի մեջ, ստացանք զանգեր: Ես գիտեմ ում քարտն է, ինչ նպատակով է դրվել, բայց անուններ չեմ կարող տալ, քանի որ քրեական գործ կա»,- armtimes.com-ի հետ զրույցում մանրամասնեց Աջամօղլյանը: Մանկապարտեզի տնօրենն ասել է, որ այս ամենը կատարվում է այն պատճառով, որ ինքը ՏԻՄ և ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է ՀՀԿ-ի թեկնածու Մուշեղ Պետոյանին:
Պետոսյանը ԱԺ և 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ եղել է Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հակառակորդը, ինչն էլ քաղաքապետին դուր չի եկել: Հասմիկ Աջամօղլյանի խոսքով՝ մինչ ձայնագրող սարքի ի հայտ գալն Արթիկի քաղաքապետարանը 15 օր շարունակ իր կողմից ղեկավարվող կառույցում ստուգումներ է իրականացրել: Ըստ որոշ լուրերի՝«ժուչոկը» տնօրենի աշխատասենյակում տեղադրել է քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը, որը արթիկցիներին հայտնի է «Շակալ» մականվամբ: Այս առթիվ մի քանի հարց ուղղեցինք քաղաքապետ Մխիթար Վարագյանին:
– Պարոն Վարագյան, թիվ 4 մանկապարտեզում ձայնալսող սարք է հայտնաբերվել: Ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է:
– Մենք էդ թեմաներում չկանք:
– Տեղեկություններ են շրջանառվում, որ դա Ձեր տեղակալ Արտակ Հարությունյանն է տեղադրել: Այդպե՞ս է:
– Ոնց կարա ըդենց բան ըլնի: Փոխքաղաքապետի ինչի՞ն էր պետք:
– Թիվ 4 մանկապարտեզի տնօրենի հետ տարաձայնություն ունեցե՞լ եք:
– Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ:
Նշենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ հայտնաբերված ձայնալսող սարքի դեպքի վերաբերյալ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀ դատախազության լրատվության պատասխանատու Արևիկ Խաչատրյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։