Բաժիններ՝

Նյու Յորքում բացվել է արվեստի գործերի և անտիկվարիատի TEFAF տոնավաճառը

Արվեստի ստեղծագործությունների եւ անտիկվարիատի Եվրոպայում առաջատար TEFAF տոնավաճառը տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգեներ: Աշխարհի ամենահեղինակավոր արտ­ցուցահանդեսում, որը մայիսի 4-­ին բացվել է Նյու Յորքում, ներկայացված են շուրջ 100 ցուցանմուշներ՝ արվեստի, կահույքի առարկաներ եւ ոսկերչական զարդեր, որոնք լավագույնն են մասնագետների եւ հավաքորդների տեսակետից։

Առաջին օրը արտ­տոնավաճառ, որը կշարունակվի մինչեւ մայիսի 8-­ը, այցելել են ավելի քան երկու հազար հյուրեր, այդ թվում՝ հայտնի դիզայներներ, դերասաններ ու հեռուստահաղորդավարներ: Ներկայիս ցուցահանդեսը թվով արդեն երկրորդն է, որը կազմակերպվել է Միացյալ Նահանգների տարածքում:

Առաջինն անցյալ տարվա աշնանը կայացել է Նյու Յորքում, բայց անցկացվել է փորձնական ռեժիմով: Ներկայիս՝ գարնանային ցուցադրությունը համարվում է առաջին լիամասշտաբ միջոցառումը, ընդ որում՝ կազմակերպիչները շեշտը դրել են ժամանակակից արվեստի աշխատանքների վրա՝ նոր սերնդի հավաքորդների ուշադրությունը գրավելու համար:

Տոնավաճառի աշխատանքի առաջին օրն իրենց նոր տերերին գտել են արդեն մի քանի թանկարժեք ու նշանակալի ցուցանմուշներ, այդ թվում՝ ճապոնացի նկարչուհի Ռուտ Ասավայի ծավալուն քանդակը (1,5 մլն դոլար):

Սակայն ներկայիս տոնավաճառի մեխը դարձել է ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ Սայ Թվոմբլիի վրձնի՝ 1968 թվականի անանուն աշխատանքը: Այն մասնավոր հավաքորդներից մեկը ցուցադրում է մոտավորապես 6,5 մլն դոլար գնով: Ամերիկացի փոփ­արտի հայտնի նկարիչ Էդ Ռուշեյի կտավն այստեղ վաճառվում է 235 հազար դոլարով:

TEFAF եվրոպական ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում եւ առաջին անգամ կազմակերպվել է 1975 թվականին: TEFAF-­ի նյույորքյան տոնավաճառն առավելապես հավակնում է արժանանալ ամերիկացի այն հավաքորդների ուշադրությանը, որոնք նախընտրում են դուրս չգալ ԱՄՆ-­ի սահմաններից, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս