Պատգամավորները ստացան իրենց մանդատները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նորընտիր Ազգային ժողովի 105 պատգամավորներին հանձնեց իրենց մանդատները: Մայիսի 5-ին ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը հնչեցնում էր պատգամավորների անունները, ովքեր մոտենում էին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և ստանում էին իրենց մանդատները:

Մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկայացել էին նորընտիր խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորներ` բացառությամբ «Ելք» դաշինքի: «Ելք» դաշինքից ընտրված 9 պատգամավորներից որևէ մեկը մանդատների հանձնման արարողությանը չէր ներկայացել:

Արարողությանը ներկա չէր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Ծառուկյան» դաշինքից միջոցառմանը ներկա էին Վահե էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը և այլք:

ՀՅԴ-ի տարածքային և համապետական ցուցակներով ընտրված բոլոր 7 պատգամավորները ներկա էին միջոցառմանը և անձամբ ԿԸՀ նախագահից ստացան իրենց մանդատները:

Միջոցառմանն առավել ներկայացուցչական կազմով էր ներկայացել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հանրապետական կուսակցության պատգամավորները գրեթե ողջ կազմով ներկա էին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Տեսանյութեր

Լրահոս