Բաժիններ՝

«Զորաց քարեր» հուշարձանի դամբարաններից մեկի պատաշարին հայտնաբերվել են 60-100 սմ բարձրությամբ անցքերով երեք քար

«Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող դամբարաններից մեկի հարավային պատաշարին օրերս հայտնաբերվել են 60 սմ-ից մինչև մեկ մետր բարձրությամբ անցքերով երեք քար։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանի խոսքով` գտածոն կարևոր նշանակություն ունի հնավայրի հետագա ուսումնասիրության համար:

«Նմանատիպ քարեր կան դամբարանի երկու ծածկերի վրա, բայց պատերի վրա հայտնաբերվածն առաջին դեպքն է»,– ասել է Աշոտ Ավագյանը` պատճառաբանելով, որ խոտածածկը թույլ չի տվել մինչ օրս նկատել դրանք: Ըստ արգելոցի վարիչի`դա ևս մեկ ապացույց է, որ «Զորաց քարերն» աստղադիտարան չի եղել, քարերն այնտեղ են բերվել շինարարական նպատակներով, անցքերն էլ արվել են դրանց տեղաշարժի համար:

Աշոտ Ավագյանի փոխանցմամբ, հուլիսին հնագիտական արշավախումբը նախատեսում է վերսկսել պեղումները կենտրոնական դամբարանի և մի շարք այլ հատվածներում:

«Զորաց քարեր» հնագիտական բնակատեղիի 2016 թ. պեղումների ժամանակ գտնվել են ﬔծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, երկաթից պատրաստված զենքերի և աշխատանքային գործիքների մնացորդներ, 11-13-րդ դարերով թվագրվող ապակե ապարանջան, իսկ կենտրոնական դամբանախցից` չորս ծածկասալ, որոնց մի մասը` դարձյալ անցքերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս