Վահրամ Բաղդասարյանը՝ «Ծառուկյան» դաշինքում տիրող իրավիճակի մասին

ՀՀԿ-ն այլ քաղաքական ուժերի ներքին հարցերին չի խառնվում և որևէ կապ չունի «Ծառուկյան» դաշինքում առկա խմորումների հետ: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հակադարձելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե «Ծառուկյան» դաշինքում մանդատների բաշխման հետ կապված խնդիրներն ու դրա հետևանքով առաջացած խմորումները կազմակերպել է իշխող Հանրապետական կուսակցությունը` խորհրդարանում իր համար հավելյալ աջակցություն ապահովելու նպատակով: «Ես շատ շնորհակալ եմ, որ շատ բարձր եք գնահատում իշխանության դերը, որովհետև ես էլ եմ այն կարծիքին, որ Հայաստանում առանցքային քաղաքական ուժը Հանրապետական կուսակցությունն է:

Բայց ևս մեկ անգամ ես հայտարարում եմ, որ դրանք իրենց կուսակցության ներքին հարցերն են, և մենք ուրիշի հարցերով չենք զբաղվում: Ինձ թվում է, որ յուրաքանչյուր խնդրի դեպքում անպայման պետք է մեղավորներ փնտրեն և թիրախում էլ, բնականաբար, պետք է հայտնվի իշխանությունը` Հանրապետական կուսակցությունը»,-  ասաց Բաղդասարյանը:

Նա հստակեցրեց, որ իրենք որևէ կուսակցության ներքին հարցերին չեն խառնվում: «Համբերեք ևս մի քանի օր, իրենք իրենց հարցերը կպարզաբանեն: Եթե ինքնուրույն չեն կարող պարզաբանել, դրանով կզբաղվեն իրավապահները»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ դրանով կզբաղվեն իրավապահները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչները դիմեն իրավապահ մարմիններին պարզաբանումների համար, իրավապահները կզբաղվեն դրանով: Այնտեղ կան վիճելի հարցեր, քանի որ մի մասը պնդում է, որ իրենք պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ չեն գրել, մյուս մասն էլ պնդում է, որ դիմումներ կան, իսկ եթե վիճելի հարցեր են լինում, դրանք պարզաբանում են իրավապահ մարմինները: Կդիմե՞ն այդ անձինք իրավապահ մարմիններին, թե ոչ, ես չեմ կարող ասել: Ավելի լավ կլինի` իրենց հարցնեք»:

Տեսանյութեր

Լրահոս