Բաժիններ՝

Հնգյակ լույս աշխարհ բերած ընտանիքին Մայր Աթոռը կտրամադրի 4 սենյականոց բնակարան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կտրամադրի 4­-սենյականոց բնակարան: Այս մասին «Արմենպրես»­-ին հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:

«Հայոց եկեղեցին միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բազմազավակ ընտանիքների խնդիրները՝ ջանալով, հոգևոր խնամքից բացի, կարելվույն չափ նաև նյութապես սատարել նրանց։ Տեղեկանալով մեր ժողովրդին հինգ զավակներ պարգևած
ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Հայոց Հայրապետի կողմից որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել նրան և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը»,­-ասաց տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հարցին՝ որտեղ է հատկացվելու բնակարանը, Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ այդ հարցը քննարկվում է Կարապետյան ընտանիքի հետ. «մանրամասնել այս պահին չենք կարող»:

Մայիսի 3­-ին Էրեբունի բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 04։00­-ին ծնվել է հնգյակ` 4 աղջիկ, 1 տղա։ Երեխաների ընտանիքը բնակվում է վարձակալված բնակարանում: Հինգ նորածինների առողջական վիճակը և բուժման ընթացքը գտնվում է ինչպես մասնագետների, այնպես էլ`Առողջապահության նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում։ Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկներն ստացել են կենսական անհրաժեշտության սուրվանտա դեղը, որը ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով։ Հնգյակի բուժման ընթացքում որևէ խնդիր առաջանալու դեպքում նախարարությունը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս