Միջազգային կոալիցիայի օդուժին կարգելեն թռչել Սիրիայի անվտանգության գոտիների վրայով
Սիրիայում սահմանված անվտանգության գոտիների վրայով կարգելվեն մարտական օդուժի, այդ թվում՝ միջազգային կոալիցիայի օդուժի թռիչքները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի իրադրության կարգավորման խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը:
«Անվտանգության գոտիներում օդուժի, հատկապես միջազգային կոալիցիայի ուժերի աշխատանքը, բնավ չի նախատեսվում՝ ծանուցմամբ, թե առանց ծանուցման: Այդ հարցը փակված է»,-ասել է Լավրենտեւը:
Նա պարզաբանել է, որ միակ վայրերը, որտեղ կարող է հարվածներ հասցնել միջազգային կոալիցիայի օդուժը, գտնվում են «Իսլամական պետություն» խմբավորման ուժերի կենտրոնացման շրջանում՝ Ռաքայի, Դեյր Էզ Զորի շրջաններում, ինչպես նաեւ Եփրատի այլ բնակավայրերում:
Սիրիայում զինադադարի երաշխավոր երկրների (ՌԴ, Իրան, Թուրքիա) ներկայացուցիչներն Աստանայի միջազգային բանակցությունների՝ մայիսի 4ին կայացած հերթական փուլի ընթացքում հուշագիր են ստորագրել Սիրիայում անվտանգության չորս գոտիների ստեղծման վերաբերյալ, որոնք ներառում են Իդլիբի նահանգը ու եւս յոթ այլ տարածաշրջաններ: Հուշագրի համաձայն, մայիսի 6-ից այս գոտիներում կդադարեն բոլոր բախումները կառավարական զորքերի եւ զինված խմբավորումների միջեւ