Տիգրան Բալայանը՝ ԵԱՀԿ գրասենյակի փակվելու մասին. «Բաքուն ոտնահարում է ԵԱՀԿ սկզբունքները». news.am

Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ: Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԵԱՀԿ Մշտական խորհրդում կազմակերպության երեւանյան գրասենյակի շուրջ տեղի ունեցած զարգացումները։

«ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը, եւ միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը»,- նշել է Բալայանը:

Նրա խոսքով, այսօր ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթ է ունեցել` հայտարարելով, որ, չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ: Ինչպես հունվար ամսին Մշտական խորհրդում կատարած հայտարարության մեջ, այնպես էլ այսօր ավստրիական նախագահությունը բարձր է գնահատել հարցին լուծում գտնելու ուղղությամբ Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը: Հայաստանի մոտեցումներն ըստ արժանվույն են գնահատվել նաեւ այլ մասնակից երկրների  կողմից:

«ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, անդրադարձ է կատարել այն բոլոր քայլերին, որոնք Հայաստանը ԵԱՀԿ նախորդ՝ գերմանական եւ ներկայիս՝ ավստրիական նախագահությունների հետ միասին իրականացրել է երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման նպատակով: Հայկական կողմը նաեւ ներկայացրել է գրասենյակի փակմանն ուղղված Ադրբեջանի նպատակաուղղված գործողությունները, որոնք գնալով ավելի լայն թափ են հավաքել նույնիսկ այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ավստրիական ու գերմանական նախագահությունները հստակորեն հերքել են գրասենյակի հասցեին ուղղված Բաքվի արհեստածին մեղադրանքները»,- նշել է Բալայանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս