Բաժիններ՝

«Պատերազմում ուզում ես, որ հողերը պահես, ընկերդ չզոհվի»

Ապրիլյան պատերազմի մասնակցին պետությունը չի բուժում: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Դրաստամատ Կանայան» մեդալակիր, գյումրեցի Յաշա Նալբանդյանն ասում է, որ առողջական խնդիրներ ունի: Այս մասին գրում է asparez.am-ը։

Նա 2015-2017 թվականներին ծառայել է ԼՂՀ ՊԲ Աղդամի շրջանի սակրավորային զորամասերից մեկում: Պատերազմի ընթացքում մասնակցել է Աղդամի, Թալիշի եւ Մատաղիսի մարտական գործողություններին: Ծառայության ընթացքում առաջ են եկել ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ, բայց բուժման համար պետական աջակցություն չի ստացել:

«Ծնողներս դիմել են նախարարություն, բայց չեն օգնել: Ասել են, որ այդպիսի հրաման չկա»,-ասում է նա: Թեպետ նրա զինգրքույկում նշված է, որ պատերազմի մասնակից է, սակայն այս փաստն արտոնություն չի սահմանում:

Յաշան առողջական խնդիրների պատճառով թողել է աշխատանքը: «Առողջական վիճակս գնալով վատացավ, էլ չէի կարողանում աշխատել»,-պատմում է Յաշան:
Պատերազմական օրերի մասին մեծ դժվարությամբ է խոսում: Ապրիլի 1-ին եւ 2-ին եղել է Աղդամի շրջանում, կատարել ինժեներական աշխատանքներ:

«Պատերազմում ոչ մի բան չես զգում: Ուզում ես, որ հողերը պահես, ընկերդ չզոհվի…»,-ասում է եւ պատմում, որ ապրիլյան պատերազմի առաջին զոհը իր մանկության ընկերն է եղել՝ 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանը:

Նարեկ Կիրակոսյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս