Բաժիններ՝

Ինչպես կարող եք ձեր հողամասում տնակ կամ կրպակ տեղադրել. dialogue.am

Dialogue.am կայքն իր «Սոցիալական իրավունք» խորագրի շրջանականերում շարունակում է սոցիալական իրավունքի մեկնաբանությունների շարքն՝ այս անգամ ներկայացնելով, թե ինչ կարգով կարող եք Ձեր հողատարածքում տեղադրել տնակ կամ օրինակ առևտրային կրպակ:

Հարգելի ընթերցողներ, Ձեր հողամասում տնակ կամ կրպակ տեղադրելիս պետք է գլխավորապես հաշվի առնեք, թե տվյալ օբյեկտը ամրակցված է հողին, թե ոչ, կատարվել են թաց շինարարական աշխատանքներ (հիմքը լիցք անել), թե ոչ, ունի առանձին կոմունալ հարմարություններ, փոստային համար և մի շարք այլ նախադրյալներ: Կախված վերը նշյալ կետերից, որոշվում է տնակը կամ կրպակը համարել ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ շինություն, թե` շենք-շինություն:

Ոչ հիմնական համարվող շինության տեղադրման համար իրավասու մարմնի (համայնքի ղեկավարի) կողմից տրամադրվում է համապատասխան (տեղադրման) թույլտվություն, իսկ շենք-շինությունների թվին դասվածների համար` շինարարության թույլտվություն:

Տնակը, առևտրային կրպակըկհամարվի ոչ հիմնականշինություն, եթեհամապաստախանի ստորև նշված ստանդարտներին

Ոչ հիմնական շինությունները կենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին, հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին:

Ոչ հիմնական շինությունների թվին են դասվում՝

  • Մանրածախ առևտրի ու սպասարկման կրպակներն ու տաղավարները
  • Շարժական կացարաններն ու ավտոտնակները
  • Շվաքարանով և առանց շվաքարանների ավտոկանգառները
  • Հեռախոսային խցերը,
  • Խաղերի, ցուցահանդեսների, զվարճանքի, հանդիսությունների և ատրակցիոնների տաղավարները
  • Շարժական կրկեսները, թատրոնները, բեմահարթակները և ամբիոնները
  • Հիմնական (կապիտալ) օբյեկտների շինարարության սպասարկման կառույցները

Ոչ հիմնական շինությունը պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը: Դրանց տեղադրման դեպքում, կապված տեղանքի առանձնահատկության հետ, կարող են կատարվել տեղանքին կապելու, հողին ժամանակավորապես ամրացնելու աշխատանքներ (տեղադրման հորիզոնական հարթակի ստեղծում, շինության խարսխակապում և այլն):

Ո՞ւմ դիմել սեփական հողամասում ոչ հիմնական շինություն տեղադրելու համար․․․

Ոչ հիմնական շինությունների նախագծային փաստաթղթերը մշակվում են հողամասի տրամադրման մասին որոշման հիման վրա, որով ամրագրվում են շինությունների տարածական չափերը, հողամասի վրա դրա տեղադրման պայմանները, ճարտարապետական լուծումներին ներկայացվող պահանջները` ելնելով տեղանքի և (կամ) օբյեկտի առանձնահատկությունից:

Ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվությունը տալիս է ՀՀ օրենսդրությամբ այդ իրավասությամբ օժտված մարմինը` (համայնքի ղեկավար) նրա կողմից համաձայնեցված և պատվիրատուի կողմից հաստատված նախագծի հիման վրա:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Հարգելի ընթերողներ, եթե տնակը կառուցվում է բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա, ունի առանձին փոստային համար, բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններ, ապա այն դասակարգվում է որպես բնակելի նշանակության շենք-շինություն և կառուցման համար անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պետք է ստանաք շինարարության թույլտվություն:

Ինչպե՞ս ստանալ շինարարության թույլտվություն

Շինարարության թույլտվություն ստանալու և նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու նպատակով կառուցապատողը պետք է նախ և առաջ դիմի համայնքի ղեկավարին՝ ներկայացնելով՝

  1. Նախագիծը (երկու օրինակից)
  2. Փորձաքննության դրական եզրակացությունը (կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախագիծը թողարկող կապալառուի երաշխավորագիրը)
  3. Օրենքով սահմանված տեղական տուրքը վճարելու մասին անդորրագիրը.

Նախագծային փաստաթղթերը  համաձայնեցնելու դեպքում համայնքի ղեկավարը տալիս է շինարարության թույլտվությունը  3-ից մինչև 15 օրերի ընթացքում (Ժամկետը պայմանավորված է շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանով):

Շինարարության թույլտվությունը ստանալուց հետո նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, որոնցից մեկ օրինակը շինարարության թույլտվության հետ  հանձնվում է կառուցապատողին, իսկ մյուսը մնում է համայնքի ղեկավարի մոտ:

Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը

www.Dialogue.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս