«Նրանք կարող են մեղադրվել սուտ մատնության մեջ, խախտել են պայմանավորվածությունը». ԲՀԿ խոսնակ. aysor.am

«Ծառուկյան» դաշինքում պատգամավորական մանդատների շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքի մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր ընտրված Իվետա Տոնոյանի հետ։

– Երեկվանից ամբողջ մամուլը հեղեղված է « Ծառուկյան» դաշինքի շուրջ տեղի ունեցած իրադարձություններով, մասնավորապես, ինքնաբացարկ հայտնած պատգամավորի թեկնածուների հայտարարություններով, ովքեր նշում են, որ տեղյակ չեն եղել, որ իրենց անունից նման դիմում է ստորագրվել։ «Ծառուկյան» դաշինքը, մինչդեռ, լռում էր երկար ժամանակ։ Ի վերջո, դաշինքն ի՞նչ գնահատական կտա այս ամենին։

– Դա բացարձակ սուտ է, իրականությանը չի համապատասխանում և կարծում եմ, որ եթե իրավական կողմին անդրադառնանք ու իրավապահ մարմինները որոշեն այս հարցով զբաղվել, ապա, միանշանակ, սուտ մատնության մեղադրանք կարող է նրանց առաջադրվել, որովհետև մեկ ձեռագրաբանական ուսումնասիրությունն էլ բավարար է, որ վերջ դրվի այս խոսակցություններին։ Նրանք բոլորն են գրել ու ստորագրել այդ դիմումները և այդ գործընթացը այնպես չէ, որ տեղի է ունեցել գաղտագողի կամ ծածուկ, մարդիկ են ներկա եղել և, կարծում եմ, պրիմիտիվ սուտ է կամ սեփական գործողություններն արդարացնելու ինչ-որ փորձ, ոչ ավելին։

– ԿԸՀ-ն դաշինքի ինքնաբացարկները չեղյալ համարելու 12 դիմումից 8-ը բավարարեց, և ստացվում է, որ նրանք կստանան պատգամավորական մանդատ։ Ինչպիսի՞ն է լինելու ձեր համագործակցություն այդ դեպքում։ 

– Անկեղծ ասած, մինչև այս պահը, քանի որ այդ իրադարձությունները երեկ են տեղի ունեցել, դեռևս դաշինքում կամ անձամբ պարոն Ծառուկյանի հետ նրանց հետ համագործակցության մասին հարցը չի քննարկվել, բայց, կարծում եմ, որ դրա մասին պետք է մտահոգվեն այն մարդիկ, ովքեր, ոտնահարելով թե քաղաքական պայմանավորվածությունները, թե մարդկային բոլոր հարաբերությունները՝ նման որոշում են կայացրել և նման քայլի են գնացել, իսկ «Ծառուկյան» դաշինքն իր գործունեությունը օրենսդիրում իրականացնելու է այնպես, ինչպես պլանավորել է, այսինքն՝ խիստ արդյունավետ և օրինական՝ ի օգուտ մեր երկրի։

– Գագիկ Ծառուկյանի գնահատականն ինչպիսի՞ն է իր ղեկավարած դաշինքի շուրջ առաջացած այս աղմուկին։

– Անկեղծ ասած, ես առիթ չեմ ունեցել այդ մասին խոսելու պարոն Ծառուկյանի հետ, բայց պարոն Ծառուկյանի ու բոլոր թեկնածուների մեջ եղել է քաղաքական պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել նախընտրական շրջանում, կոնկրետ, թե թեկնածուներից յուրաքանչյուրը դաշինքի համար ընտրողների ինչ քանակի վստահության քվե է ակնկալում ու պատրաստ է ձեռք բերել այդ վստահության քվեն, և ընտրությունների արդյունքները վկայեցին այն մասին, որ թեկնածուների կողմից բարձրաձայնված քանակի անգամ կեսն էլ նրանք չեն կարողացել ապահովել, այնպես որ՝ այս բոլոր իրադարձությունները այդ պայմանավորվածության խախտման հետևանք ու արդյունք են։

– Կստացվի՞ համաձայնության գալ, թե՞ հարցը կտեղափոխվի իրավական դաշտ։

– Ես չեմ կարող գնահատական տալ, որովհետև չգիտեմ, թե գործընթացը ինչ հունով է գնալու և, կրկնում եմ, որ, առաջին հերթին, այդ մարդիկ պետք է մտահոգվեն, որոնք որ, ոտնահարելով քաղաքական ու մարդկային հարաբերությունները՝ նման որոշում են կայացրել։ «Ծառուկյան» դաշինքը, ինչպես որ պլանավորված էր նախօրոք, իր գործունեությունն իրականացնելու է՝ անկախ տեղի ունեցած իրադարձություններից։

Տեսանյութեր

Լրահոս