ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը հուշագիր ստորագրեցին Սիրիայում ապաէսկալացման գոտիների ստեղծման մասին
Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստում հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու մասին, ինչի մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ղազախստան»-ը։
Փաստաթուղթն ստորագրել են պատվիրակությունների ղեկավարները. Ռուսաստանի կողմից՝ սիրիական կարգավորման խնդրով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայի կողմից՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանի կողմից՝ արաբաաֆրիկյան երկրների գործերով արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին:
Ընդ որում սիրիական զինված ընդդիմության պատվիրակության երկու անդամներ ցուցադրաբար լքել են «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստը: Զինված ընդդիմության պատվիրակության ղեկավար Մուհամեդ Ալուշը լիագումար նիստին չէր ժամանել:
Ավելի վաղ մայիսի 3ժին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննարկել են լարվածության նվազեցման չորս գոտիների ստեղծումը՝ Սիրիայի Իդլիբի նահանգում, Հոմս քաղաքից դեպի հյուսիս, Արեւելյան Գուտայում եւ երկրի հարավում: