«Գերբեռնվածության խնդիրը լուծել ենք. խնդիր ունենք բարելավել պայմանները բոլոր քրեակատարողական հիմնարկներում». Փոխնախարար
«Մենք արդեն ազդարարել ենք, որ մենք գրեթե լուծել ենք քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ խոսելով Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդրի մասին՝ կապված քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության մասին:
Փոխնախարարի խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտադրում է որոշ քրեակատարողական հիմնարկների պահման պայմանները. «Մասնավորապես, եթե խոսում ենք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մասին, այնտեղ շենքային պայմանները բավական վատ էին, առաջինը մենք էականորեն նվազեցրել ենք «Նուբարաշենում» պահվող մարդկանց քանակը, նկուղային հարկերը և առաջին հարկի խցերը փակել ենք, չենք շահագործում, էներգախնայողության շրջանակներում մենք մեծածավալ աշխատանքներ ենք կատարել՝ պատուհանների փոխում, պայմանների բարելավում, բայց ուզում եմ նշել, որ այդ աշխատանքները շարունակական են լինելու, և կարծում եմ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ամբողջությամբ բնակեցման պայմաններում՝ ընդհանրապես որևէ տեղիք չի լինի այս խնդիրը բարձրաձայնել»:
Ս. Քրմոյանը շեշտեց, որ «Նուբարաշենում» արդեն միայն կալանավորված անձինք են, որոնք Երևանի տարածքում են հանցագործություն կատարել և գտնվում են Երևանում գտնվող իրավապահ մարմինների տիրույթում. «Ըստ այդմ՝ մենք մարզերում որևէ խնդիր չունենք նաև կալանավորված անձանց հետ կապված: Կարծում եմ՝ մենք գերբեռնվածության խնդիրը լուծել ենք, մենք խնդիր ունենք բարելավել պահման պայմանները բոլոր քրեակատարողական հիմնարկներում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: