Սոմալիում սովահար երեխաների թիվը մոտենում է 1,4 միլիոնի
Սոմալիում սովահար երեխաների թիվը մինչեւ 2017 թվականի վերջը կավելանա մոտավորապես 50 տոկոսով եւ կհասնի 1,4 միլիոնի: Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տվյալները:
Կազմակերպության հաշվարկների համաձայն, մոտավորապես 275 հազար երեխաներ տառապելու են սննդի սուր անբավարարությունից, որը սպառնալիք է ներկայացնելու նրանց կյանքի համար: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ երեխաները, որոնք տառապում են թերասնումից, ինն անգամ ավելի շատ են ենթակա տարբեր հիվանդությունների:
«Երաշտի, հիվանդությունների եւ բնակչության տեղափոխությունների զուգորդումը մահացու է երեխաների համար, նրանց կյանքը փրկելու համար մեզ անհրաժեշտ է անել շատ ավելին եւ որքան կարելի է ավելի արագ»,-կազմակերպությունը մեջբերում է Սոմալիում UNICEF-ի ներկայացուցիչ Սթիվեն Լոուվերիերի խոսքը:
UNICEF-ի տվյալներով՝ երաշտը նաեւ հանգեցրել է այն բանին, որ անապահով ընտանիքների մոտավորապես 40 հազար երեխաներ դադարել են հաճախել ուսումնական պարապմունքներին, քանի որ նրանք ստիպված են զբաղվել ջուր եւ սնունդ հայթայթելով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: