
«Թուրքիայի ԵՄ երազանքն այս պահին ավարտված է». Յոհաննես Հան

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան այս պահի դրությամբ թիկունք է դարձրել Եվրամիության անդամակցությանը: Այս մասին Reutersին ասել է Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը:
«Բոլորի համար պարզ է, որ առնվազն ներկայի համար Թուրքիան հեռանում է եվրոպական հեռանկարից: Մեր հարաբերություններում շեշտը պետք է դրվի այլ բանի վրա: Պետք է տեսնենք, թե ինչ կարող է արվել ապագայում` հասկանալու, թե արդյոք կարող ենք վերսկսել նոր համագործակցություն»,-նշել է Հանը:
Նա հայտնել է, որ մյուս տարեսկզբին կպատրաստի զեկույց և կներկայացնի այն ԵՄ անդամ երկրների կառավարություններին` հստակեցնելու Թուրքիայի կարգավիճակը: Նա ընդգծել է, որ մամուլի ազատության սահմանափակումները, զանգվածային ձերբակալությունները և մարդու իրավունքների ոտնահարումները գրեթե անհնարին են դարձրել ներկայում Թուրքիայի համապատասխանեցումը ԵՄ չափորոշիչներին:
Հանը ասել է, որ ԵՄ օրենքները «չեն քննարկվում» և միությունը քննարկումներից չի առանձնացնի մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը:
«Չկա թուրքական տեսակի ժողովրդավարություն: Կա միայն ժողովրդավարություն: Թուրք ժողովուրդը ունի ազատության մեջ ապրելու նույնիրավունքները, ինչ եվրոպացիները»,-ասել է Հանը, ում պատվիրակությունը Թուրքիայում այցելել է բանտարկված այլախոհներին: