Պակ Կըն Հեն ամբողջովին ժխտում է իր մեղքը առաջին նախնական լսումներում
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն ամբողջովին մերժում է մեղադրանքի բոլոր կետերը առաջին նախնական դատական լսումների ընթացքում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Պակ Կըն Հեն, որը հեռացվել է պաշտոնից, իսկ այնուհետեւ ձերբակալվել իր ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն խարդախություններին մասնակից լինելու կասկածանքով, չի ներկայացել դատարան, քանի որ դա առայժմ պարտադիր պահանջ չէ: Նրա փոխարեն դատարանի հարցերին պատասխանել է փաստաբանը: Վերջինս հայտարարել է, որ նախկին նախագահի գործը կազմում է 120 հազար էջ, եւ իր պաշտպանյալը ամեն ինչ մանրամասնորեն ուսումնասիրելու ժամանակ չի ունեցել:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Պակ Կըն Հեն ժխտում է իր մեղքն առաջադրված բոլոր 18 մեղադրանքներով, որոնք վերաբերում են կոռուպցիային, իշխանության չարաշահմանը, պետական գաղտնիքի հրապարակմանը եւ այլն:
Ինչպես սպասվում է, նախքան դատական գործընթացի սկսվելը տեղի կունենան եւս երկուերեք նախնական դատական լսումներ: Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին:
Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը
տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով:
Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն ներքաշվածէ եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին: Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: