Հունաստանը վարկատուների հետ համաձայնության է եկել բարեփոխումների փաթեթի շուրջը
Հունաստանն իր վարկատուների հետ համաձայնության է եկել ֆինանսական օգնություն ստանալու պայմանների շուրջը, ինչի մասին հայտնել է The New York TImes-ը: Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդես Ցակալոտոսը հայտարարել է, որ «սպիտակ ծուխ է երեւում»՝ ակնարկելով Հռոմի պապի ընտրությունների ընթացակարգը։
Աթենքը, որը հուլիսին պետք է պարտքի գծով 7 միլիարդ եվրո վճարի, խոստացել է բարձրացնել հարկերը եւ կրճատել սոցիալական վճարները, ներառյալ կենսաթոշակները, մայրական նպաստները, չքավորների բժշկական օգնության ապահովումը: Բացի դրանից, Հունաստանը փոփոխություններ կմտցնի էներգետիկայի ոլորտում:
Հունաստանի, Եվրամիության եւ ԱՄՀ-ի միջեւ բանակցություններն ընթանում էին վեց ամիս: Կողմերն այժմ պետք Է քննարկեն երկրի պարտային բեռնվածության թեթեւացման հնարավոր ուղիները:
Եվրոյի գոտու եւ ԱՄՀ-ի վարկատուների ներկայացուցիչներն արդեն մայիսի 2-ին կվերադառնան իրենց կենտրոնակայաններ՝ պատրաստելու հաշվետվություն, որը մայիսի 22-ին կներկայացվի եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը: Հույն խորհրդարանականները մինչ այդ պետք է քվեարկեն տվյալ հարցի շուրջը:
Համաձայնագրի ընդունումը Հունաստանին թույլ կտա ստանալ հաջորդ վարկաբաժինն օգնության երրորդ փաթեթի շրջանակներում համաձայնեցված 86 միլիարդ եվրոյից, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: