Մահացել է մանկական գրականության դասական Անատոլի Ալեքսինը
Լյուքսեմբուրգում կյանքի 93-րդ տարում վախճանվել է խորհրդային մանկական եւ պատանեկան գրականության դասական Անատոլի Ալեսքինը: Այս մասին Facebook-ում հայտնել է լրագրող Դմիտրի Լիխանովը:
Անատոլի Գոբերմանը, որը հայտնի Է Ալեքսին կեղծանվամբ, «Երեսունմեկ օր» պատմվածքների առաջին ժողովածուն հրատարակել է 1950 թվականին: Նրա գրչի տակից դուրս են եկել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Հավերժական արձակուրդների երկրում», «Եղբայրս կլարնետ է նվագում», «Զանգահարեք եւ ժամանեք» գործերը: «Գործող անձինք եւ կատարողներ», «Երրորդը հինգերորդ շարքում», «Նախանցյալ օրը եւ վաղը չէ մյուս օրը», «Խենթ Եվդոկիան» պատմվածքների համար գրողը 1978 թվականին ստացել է ԽՄՀՄ Պետական մրցանակ:
Ալեքսինի սցենարներով նկարահանվել են «Ուշ երեխան», «Վաղվա դասացուցակը», «Ուռա՜, արձակու՜րդ է», «Շատ սարսափելի պատմություն» կինոնկարները, հաղորդել է ՌԻԱ նովոստին: