Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին Ռիչարդ Հոգլանդը տեղեկություն չունի

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին այս պահին տեղեկություն չկա: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

Դիվանագետն ընդգծել է, որ համանախագահները չունեն որևէ տեղեկություն նախագահների հանդիպման ժամկետի մասին: Հոգլանդն անդրադարձել է Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը` նշելով, որ այն կազմակերպվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, ապրիլի 28-­ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար:

Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց են միացել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը

Տեսանյութեր

Լրահոս