ՌԴ բուհեր ընդունվող 34 ուսանողի կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում  ՀՀ քաղաքացիներին հատկացված կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքները:

Մրցույթն իրականցվել է հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N1205-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգի պահանջները և  ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու մասին» N 117-Ն որոշմամբ սահմանված կարգը:

Հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող մասնագիտությունները /հիմք` ՀՀ ՊՆ 25.02.2017թ. N ՊՆ/510-244 գրություն/, մրցույթի արդյունքում արձանագրված առավել բարձր միավորները, հանրապետական և միջազգային օլիմպիադաների մրցանակակիր լինելու հանգամանքը և տվյալ երկրի բուհում մի կրթական աստիճանից հաջորդ կրթական աստիճան անցումը և բուհի հրավերի առկայությունը:

ՀՀ ԿԳՆ-ում ստեղծված մրցութային հանձնաժողովի որոշմամբ` Ռուսաստանի Դաշնության բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված արական սեռի 34 ՀՀ քաղաքացիների կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք (անունները  կհրապարակվեն Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում):

Տեսանյութեր

Լրահոս