Սպիտակ տունը հայտնել է Կիմ Չեն Ընի հետ Թրամփի հանդիպման պայմանները
Ներկայում պայմաններ չկան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման համար: Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը: «Եթե Փենյանը շարունակի իր գործելակերպը, այդ պայմանները չեն էլ հայտնվի»,-ճշտել է նա։
«Մենք պետք է տեսնենք, որ նրանց սադրիչ գործելակերպն արագորեն վերացել է»,-մեջբերում է անում «Ինտերֆաքս»-ը Սփայսերի խոսքից: «Պարզ է, որ առայժմ դրանից ոչ մի բան չի ստացվում»,-հավելել է նա:
«Չեմ կարծում, թե դա տեղի կունենա մոտ ժամանակներս»,-եզրափակել է Սփայսերը:
Մայիսի 1-ին ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Կիմ Չեն Ընի հետ: Դրա համար, Սպիտակ տան տիրոջ խոսքով՝ անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: «Եթե ինձ համար տեղին լիներ հանդիպել նրա հետ, (…) ինձ համար պատիվ կլիներ անել դա»,-ասել է նա:
Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նաեւ հայտարարել է, որ ինքը մտադրություն չունի «կարմիր սահմանագիծ» քաշելու Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում: «Ինձ դուր չի գալիս կարմիր գծեր քաշելը, բայց ես գործում եմ, եթե պետք է գործեմ»,-ասել է Թրամփը: