Ռուս զինծառայողի սպանության գործը փոխանցվեց ԱԱԾ. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության գործը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց գործով մեղադրյալ Արման Ջանջուղազյանի պաշտպան Սուզաննա Խչեյանը: «Ինձ գործը քննող ՀԿԳ քննիչն ասաց, որ գործը փոխանցել են ԱԱԾ, բայց թե որն է եղել պատճառը դեռ տեղյակ չեմ, ԱԱԾ-ից դեռ չեն հրավիրել ինձ»,- ասաց Խչեյանը:

Արման Ջանջուղազյանին կալանավորելուց հետո, նրա մասնակցությամբ դեռ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշումը չի բողոքարկվել:

Մեր տեղեկություններով, գործի վարույթը փոխանցվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործով մեղադրյալ 21-ամյա Արման Ջանջուղազյանը երկար տարիներ ապրել է արտերկրում եւ նրա վերաբերյալ ամբողջական տվյալները ստուգելու համար մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պետք է ձեռնարկվեն: Նշենք, որ Արման Ջանջուղազյանը 14 տարի ապրել է Հունաստանում եւ անցած տարի է վերադարձել Հայաստան: Մեր տեղեկություններով, Ջանջուղազյանի ծնողները Հունաստանում են:

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաեւը, սպանվել է ապրիլի 22-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ. նա սպանվել է կտրող-ծակող առարկայից հասցված վնասվածքներից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս