Ինչու է Կարեն Կարապետյանը լարվածություն հրահրում իր ու Վլադիմիր Գասպարյանի միջև. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի ու ավելի սուր հակասությունների կիզակետում է հայտնվում: Ընդ որում, այդ հակասությունները գնալով նորանոր երանգներ ու ոլորտներ են ընդգրկում:
Հիմա արդեն Կ. Կարապետյանը լարվածություն է հրահրում իր ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջեւ: Կառավարության՝ ապրիլի 20-ի նիստի ժամանակ վարչապետի ու ոստիկանապետի միջեւ մի փոքր վիճաբանություն տեղի ունեցավ: Կ. Կարապետյանը ոչ ավել-ոչ պակաս աղբահանության խնդրով էր դիմել ոստիկանապետին, թե՝ «Պարոն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք՝ ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»:
Վ. Գասպարյանը, սակայն, այլ պաշտոնյաների նման չէր համաձայնել ու ասել, թե՝ կզբաղվենք այդ հարցով: Նա հակադարձել էր, թե՝ ապարդյուն խոսակցություն է տարվում: «Եթե պետք ա՝ օժանդակել, բայց մաքրել ոստիկանին դժվար կլինի էն դեպքում, երբ բերում ա, մեքենայի թափքը բացում ա, աղբը թափում ա տռասայի վրա, մոտենա ասի՝ դուք տուգանվում եք եւ այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Բայց մենք արդեն սկսում ենք»,- ասել էր նա:
Այն, որ Կ. Կարապետյանն այդպես էլ քաղաքականությունից գլուխ չհանեց՝ ակնհայտ է, բայց նա անգամ չի հասկանում ներիշխանական չգրված օրենքներից: Նա հավանաբար չհասկացավ, որ կոնկրետ Վ. Գասպարյանի հետ նման խոսակցություն բացելով՝ նա լարվածություն է ստեղծում իր եւ Ս. Սարգսյանի իշխանության առանցքային դերակատարներից մեկի հետ: Նախ՝ այն, որ աղբահանությամբ զբաղվելն ամենեւին էլ ոստիկանության գործառույթը չէ, դրա համար Կ. Կարապետյանը պետք է դիմի հավանաբար համայնքի ղեկավարներին կամ այդ խնդրով զբաղվող կազմակերպություններին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: