«Պետք է վստահություն ստեղծել՝ ընտրություններին ՀՀԿ-ի հաջողությունն ապահովելու համար». Գագիկ Մակարյան

«Շփվելով տարբեր գերատեսչությունների և համայնքային տարբեր կառույցների հետ, տեսնում ենք, որ այդ գլոբալ խնդիրը կա՝ վարչության պետերը և վարչությունները, որոնք նախարարության քաղաքականությունը տանող կառույցներն են, ոչ ամեն տեղ են ուժեղ։ Ամենամեծ խնդիրն այն է, որ վարչության պետերը հիմնականում սպասում են, թե երբ պետք է վերադասն իրենց հանձնարարություն տա, որ կատարեն։ Բայց իրենք պետք է մեզ նման կառույցների հետ աշխատեն, ոլորտային ճյուղային միությունների հետ աշխատեն, որոնք տվյալ ոլորտի զարգացման խնդիրները գիտեն, նաև կարդան վերլուծությունները, որպեսզի ոլորտի զարգացման քաղաքականությունը կարողանան մշակել և ներկայացնել, ոչ թե ենթակայի վիճակով սպասեն, մինչև իրենց հավաքեն ու ինչ-որ բան հանձնարարեն։ Այսինքն՝ նախաձեռնողականության պակաս, խնդիրներն ինքնուրույն դնելու, ինքնուրույն լայնամասշտաբ տեսնելու և մտածելու խնդիր կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին վարչապետի մոտ տեղի ունեցող տարբեր ոլորտային քննարկումներն ու բազմաթիվ հանձնարարականները։

Ըստ նրա՝ փոփոխությունների առաջարկները ներքևից վերև բարձրացնելու փոխարեն մեզ մոտ վերևից ներքև մոդելն է աշխատում և ստացվում է, որ վարչապետը ծանրաբեռնված աշխատում է՝ փորձելով մեծածավալ խնդիրները կարճաժամկետ հատվածում լուծել. «Ժամանակը կարճ է և երկրի տնտեսական վիճակն է թելադրում, պետք է վստահություն ստեղծել՝ ընտրություններին ՀՀԿ-ի հաջողությունն ապահովելու համար»։

Գ.Մակարյանի խոսքով՝ լարված աշխատում են նաև նախարարները, տեղակալները, ապա վարչության պետերն ու նրանց տեղակալները, բայց այդ լարվածության զսպանակի ճնշումը վերևում շատ բարձր է, ներքևում՝ ցածր, իսկ ստորին օղակներում կա նաև պրոֆեսիոնալիզմի և ուժերի պակաս։ Մակարյանը նշեց, որ միության անդամներն էլ են փաստում, որ ստորին օղակներում խոչընդոտները, բյուրոկրատիան, քաշքշուկը շատ են։

Բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին վարչապետի շտապողականության պատճառներն, ըստ Գ.Մակարյանի, և՛ վատ տնտեսական վիճակն ու բարձր աղքատությունն է, և՛ քաղաքական սպասումներն ու ընտրությունները. «Ժամանակն է շատ քիչ և իրավիճակն է խառը»։

Տեսանյութեր

Լրահոս