«Դա է, որ ամենավտանգավորն ու ամենաանցանկալին է». Գառնիկ Իսագուլյան
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նախընտրական շրջանում կազմավորվող բոլոր դաշինքները տեխնիկական են.
«Ես չեմ կարծում, որ հայտարարված դաշինքները կամ ձևավորման փուլում գտնվողներն արդեն վերջնական են, փոփոխության չեն ենթարկվի կամ ընդհանրապես չեն քանդվի: Եթե ուշադիր հետևում ենք նախընտրական գործընթացներին, հատկապես՝ դաշինքների ձևավորման փուլում, տեսնում ենք, որ ըստ էության բոլոր դաշինքները տեխնիկական են: Այսինքն՝ որևէ սկզբունք, որևէ գաղափարախոսություն, ընդհանրական պատկերացումներ պետականության մասին այդ դաշինքների տարբեր ուժերի մոտ չկան: Եվ երբեմն նույնիսկ միավորվում են ուժեր, որոնք իրենց բոլոր ելույթներում, բոլոր հարցերի նկատմամբ իրենց վերաբերմունքներում ունեն հակառակ մոտեցումներ, բայց հիմա հայտնվել են նույն դաշինքում»:
Հետևաբար, կարծում է, որ կոնկրետ անձերի կամ ուժերի նպատակը մեկն է՝ հայտնվել խորհրդարանում. «Դա է, որ ամենավտանգավորն ու ամենաանցանկալին է և կարող է ընտրություններից հետո ունենալ վատ զարգացումներ»:
Իսագուլյանի խոսքով՝ բացի ՀՀԿ-ից, որևէ այլ ուժ չունի հստակ ծրագիր. «ՀՀԿ-ն ընտրություններին գնում է՝ ներկայացնելով բոլոր այն պահանջները, որոնք սահմանված են նոր Սահմանադրությամբ և նոր Ընտրական օրենսգրքով: ՀՅԴ-ն ևս ունի հստակ կանոնադրություն, ավանդույթներ և աշխարհով մեկ կառույցներ, բայց հենց հաշվի առնելով այն, որ այդ կուսակցության կանոնադրությունը և ավանդույթները թույլ չեն տալիս, որ այն լինի բազմանդամ կուսակցություն, նույնիսկ ՀՅԴ-ի համար բավականին դժվար է լինելու նոր ԸՕ-ի համապատասխան պահանջներ ներկայացնել»:
Նրա խոսքով՝ Ծառուկյանի անձնական վարկանիշն անկում չի ապրել, և նրա վերադարձով ԲՀԿ-ն ստանում է հնարավորություն՝ բոլոր մարզերում ունենալ համապատասխան ընտրացուցակներ, և բավականին լուրջ մրցակից դառնալ ՀՀԿ-ին. «Բայց թե ոնց կձևավորվի Գագիկ Ծառուկյան դաշինքը, շատ կարևոր հարց է: Շատ կարևոր է, թե նա ինչ ուժերով կգնա ընտրություններին: Հիմա ցանկացողներն ու դիմողները շատ են, և, եթե պարզվի, որ Ծառուկյանը դաշինք է ձևավորում՝ առանց որոշակի սկզբունքներ հաշվի առնելու և ինչ-որ տեղ նաև «աբիժնիկների» է ներգրավում իր դաշինքի մեջ, ապա հասարակության մոտ արագ կառաջացնի բացասական վերաբերմունք՝ առ դաշինք»:
Հարցին՝ ո՞ւմ նկատի ունի՝ «աբիժնիկներ» ասելով, նա պատասխանեց, թե որևէ մեկին նկատի չունի, ուղղակի ասում է՝ եթե այդպես ձևավորի. «Օսկանյան-Սեյրան Օհանյան դաշինքի ձևավորման ընթացքում բավական լուրջ բախումներ են տեղի ունենում, որովհետև էլի հավաքված են մարդիկ, որոնք միմյանց նկատմամբ որևէ համակրանք չունեն, և նախկինում միմյանց հետ հակառակորդներ են եղել: Հիմա, եթե նույն սկզբունքով ձևավորվի Ծառուկյանի դաշինքը, ապա շատ արագ բացասական արձագանք կգտնի»: