«Հայաստանում ընդդիմություն չկա». Գառնիկ Իսագուլյան

«Ցանկացած մարդ իրավունք ունի մտնել որևէ կուսակցություն և դուրս գալ այնտեղից: Դա օրենքի պահանջ է և որևէ մեկը մարդուն մեղադրել չի կարող: Ես կարծում եմ, որ ցանկացած մեկը՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, նախկին դիրքից, եթե եղել է որևէ կուսակցության անդամ, և այդ կուսակցությունից դուրս գալուց հետո դրա վրա քարեր է նետում, ապա դա երբևէ ողջունելի չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նա հիշեց իր դաշնակցական տարիները և ասաց, որ կուսակցությունից հեռանալուց հետո էլ երբևէ բացասական բան չի ասել ՀՅԴ-ի մասին:

Իսագուլյանի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի հեռանալը որևէ ազդեցություն չի ունենա ՀՀԿ-ի վրա.

«Մարդը կուսակցության մեջ կար, զբաղեցնում էր վարչապետի պաշտոն, բոլորը ՀՀԿ-ի բացասական վարկանիշը փորձում էին բացատրել Հովիկ Աբրահամյանով, հիմա նա դուրս է եկել, ճիշտ հակառակ մեկնաբանություններ են տալիս: Մարդը կուսակցությունից դուրս է գալիս կամ մտնում է որևէ կուսակցություն, դա ի՞նչ քաղաքական գնահատականի արժանի բան է»:

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում ընդդիմություն չկա.

«Հիմա ում հարցնեք, կասեն, որ իրենք են միակ ընդդիմությունը, նոր ձևավորվող դաշինքները հայտարարում են, որ իրենք են միակ ընդդիմությունը, բայց որևէ մեկին ես ընդդիմություն չեմ համարում»:

Միևնույն ժամանակ՝ նա ասաց, որ, եթե ՀԱԿ-ը որոշի մասնակցել ընտրություններին, ապա կունենանք ընդդիմություն, քանի որ, ըստ Իսագուլյանի՝ ՀԱԿ-ի ծրագրային դրույթները հստակ են:

Նա նաև նշեց, որ ո՛չ Ծառուկյանի, ո՛չ Օսկանյանի, և ո՛չ էլ Սեյրան Օհանյանի ու նրանց դաշինքների թիկունքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնած չէ:

Տեսանյութեր

Լրահոս