Երկրի ուղեծրից աղբի հավաքման՝ ճապոնական բեռնատար տիեզերանավի առաջին փորձը ձախողվել է
Երկրի ուղեծրից տիեզերական աղբը հեռացնելու՝ ճապոնական «Կոնոտորի-6» (ճապ. «Արագիլ-6») անօդաչու բեռնատար տիեզերանավի առաջին փորձը հաջողությամբ չի պսակվել: Հունվարի 31-ին այս մասին հայտնել է Ճապոնիայի NHK հանրային հեռուստատեսությունը: Աղբահավաքման գիտափորձի անցկացման անհաջող փորձը տեղի է ունեցել դեռ հունվարի 28-ին:
Սպասվում է, որ ուղեծրից աղբահավաքման հաջորդ փորձը կձեռնարկվի փետրվարի 4-ին: Եթե փորձարկումն այնուամենայնիվ հաջող անցնի, Ճապոնիայի Օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) մտադիր է նման սարքերն օգտագործել 800-ից մինչև 1400 կիլոմետր բարձրության վրա ուղեծրերի մաքրման համար, որտեղ աղբն առանձնապես շատ է:
ՄԱԿ-ի փորձագետների գնահատումներով՝ մեր մոլորակի վերևում պտտվում են շուրջ 300 հազար զանազան չօգտագործվող արհեստական օբյեկտներ՝ մինչև 5000 տոննա ընդհանուր զանգվածով: JAXA-ում հաշվարկել են, որ դրանց թվում կան մինչև 10 սանտիմետր տրամագծով շուրջ 18 հազար օբյեկտներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: