Արցախի Արմենական կուսակցությունը և մի շարք ՀԿ-ներ միացել են Սահմանադրության նախագծի օգտին քարոզչությանը
Արցախի Արմենական կուսակցությունը և մի շարք հասարակական կազմակերպություններ հունվարի 30-ին միացել են Սահմանադրության նախագծի օգտին համատեղ քարոզչություն ծավալելու նախաձեռնությանը։
Արցախի Արմենական կուսակցության նախագահ Բորիս Առուշանյանը նշել է. «Կուսակցությունը որոշում է կայացրել միանալ սահմանադրական հանրաքվեի օգտին սկսված քարոզչությանը»,- ասել Առուշանյանը:
Հունվարի 30-ի դրությամբ քարոզարշավին են միացել մի շարք հասարակական և երիտասարդական կազմակերպություններ, այդ թվում՝ «Հայկի Սերունդ»-ը, «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն»-ը, «Առաջ Արցախ»-ը, «Հանուն Արցախի»-ն, «Ազգային Արցախ»-ը, «Իրազեկ Սերունդ»-ը, «Արա Գեղեցիկ»-ը և ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կառույցը:
«Հայկի Սերունդ» ԵՀԿ նախագահ Արմինե Պետրոսյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է իրազեկման կենտրոն, որը զբաղվում է Սահմանադրության նախագիծը հանրությանը ներկայացնելով։ «Ընդհանուր առմամբ, ունենք 4 խումբ, որոնցում ընդգրկված են հիմնականում իրավաբաններ։ Այսօրվանից սկսում ենք մեր շրջանային այցերը, որոնց ընթացքում համայնքներում հանդիպումների միջոցով մեր հանրությանը փորձելու ենք իրազեկել Սահմանադրության նախագծի մասին», ասել է «Հայկի Սերունդ» ԵՀԿ նախագահը՝ հավելելով, որ դեռևս 2016 թվականին է ստեղծվել կենտրոնը, որը հանդես էր գալիս առաջարկություններով, թեմայի շուրջ ուսումնասիրություններ է կատարել և կազմակերպել քննարկումներ։
«Այո»-ի քարոզարշավին միացած «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության նախագահ Հարութ Մնացականյանի կարծիքով էլ՝ նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը հասկանում են բոլորը: «Կարծում եմ՝ մեր հանրությանը պետք է ընդամենը իրազեկել Սահմանադրության նախագծի մանրամասների մասին, քանի որ վերջնական տարբերակին բոլորը չեն ծանոթ: «Հայրենյաց պաշտպան»-ն ակտիվ կներգրավվի այդ աշխատանքին», ասել է կազմակերպության պատասխանատուն:
Իսկ «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Սուսաննա Պետրոսյանի խոսքով, կազմակերպությունը մի շարք ծրագրեր է նախատեսում իրականացնել մոտակա օրերին: «Մենք մեր կազմակերպության անդամներով «Այո» ենք ասելու սահմանադրության նախագծի ընդունմանը: Ըստ իս՝ նոր Սահմանադրությունն անհրաժեշտություն է Արցախի ներկա ռազմաքաղաքական իրավիճակում, ինչպես նաև կնպաստի սոցիալտնտեսական վիճակի էլ ավելի բարելավմանը:
Մենք կազմակերպելու ենք բազմապիսի քննարկումներ, կլոր սեղաններ, ինչպես նաև բնակչության մեջ հարցումներ ենք իրականացնելու: Մեր նախատեսած բոլոր ծրագրերն ու քննարկումներն անց ենք կացնելու ոչ միայն Ստեփանակերտում, այլև՝ շրջաններում»,- մանրամասնել է Ս. Պետրոսյանը:
Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի օգտին համատեղ քարոզչություն ծավալելու նպատակով «Ազատ Հայրենիք» կուսակցության և Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարներ Արայիկ Հարությունյանը և Աշոտ Ղուլյանը հունվարի 24-ին ստորագրել են համատեղ հայտարարություն:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ նախաձեռնությունը բաց է Արցախում գործող այլ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար: Հունվարի 27-ին նախաձեռնությանը միացել է Արցախի Կոմունիստական կուսակցությունը: