«Ափսոսանք եմ ապրում, երբ իմ կուսակիցներից որևէ մեկը կուսակցությունը լքելու որոշում է կայացնում»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադարձել է կուսակցությունից արտահոսքի մասին խոսակցություններին: Այսօր լրագրողների հետ պատգամավորն ընդգծեց, որ ՀՀԿ-ն կենդանի մարմին է և բնական  է, որ կարող են լինել մարդիկ, ովքեր ինչ-որ պահի ցանկություն կհայտնեն լքել կուսակցությունը: «Սակայն սա չի նշանակում, որ կուսակցությունից արտահոսք կա: Մեր կուսակցության խորհրդի նիստի ընթացքում ներկայացվեցին թվային տվյալներ, որ վերջին ամիսների ընթացքում կուսակցությանն անդամակցել է 11 հազար մարդ: Բնական է, որ կարող են լինել կուսակցությունը լքողներ, ինչպես նաև համալրողներ»,- ասաց Դավթյանը:

Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքելու որոշմանը` Արտակ Դավթյանն ընդգծեց, որ ափսոսանք է ապրում, երբ ցանկացած ՀՀԿ-ական որոշում է դուրս գալ կուսակցությունից: «Անկախ ամեն ինչից նրանք մեր գործընկերներն են, կուսակցական ընկերներն են, և ես ափսոսանք եմ ապրում, երբ իմ կուսակիցներից որևէ մեկը կուսակցությունը լքելու որոշում է կայացնում»,- ասաց Դավթյանը:

Պատգամավորը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը նման որոշում կայացրեց: Նա խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել Աբրահամյանին` ընդգծելով, որ չի պատրաստվում այլոց փոխարեն եզրակացություններ անել:

Տեսանյութեր

Լրահոս