Վրաստանը հերքել է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին տեղեկությունը
Վրաստանը չի պատրաստվում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի լուծել բռնակցված տարածքների խնդիրները։
Մինչ այդ ռուսական «Իզվեստիա» պարբերականը, վկայակոչելով Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեին, հայտնել էր, թե Վրաստանի ու Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը կարող է հայտնվել օրակարգում։
Աբաշիձեն իբր ասել էր, թե Թբիլիսիում պատրաստ են շարունակել երկխոսությունը Պրահայում գործնական հարցերի վերաբերյալ և ժնևյան միջազգային քննարկումները։
«Վրացական կողմը դրա համար ունի պատրաստակամություն և քաղաքական կամք»,- ասել էր նա։
Աբաշիձեն հայտարարել է, թե իր խոսքերը մեկնաբանվել են «միանգամայն այլ կերպ», հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Ես պատասխանել եմ ռուսական «Իզվեստիայի» մի քանի հարցի: Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցերին, ես նրանց ասացի, որ տվյալ փուլում դա չի քննարկվում ու այդ հարցի վերաբերյալ մենք չենք պատրաստվում սակարկել։
Այդ հարցը կարող է օրակարգում հայտնվել միայն այն դեպքում, եթե սկսվի Աբխազիայի և Ցխինվալի շրջանի խնդիրների լուծումը և լուրջ առաջընթաց կգրանցվի։
Վրաստանի այդ դիրքորոշման հարցում ոչ մի փոփոխություն չկա և այդ հարցը Աբաշիձե-Կարասին հանդիպմանը չի քննարկվելու»,- ասել է դիվանագետը։
Ինչպես հայտնի է, 2017թ. փետրվարին Պրահայում կայանալու է Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը։
Կողմերը հայտարարել էին, որ չեն քննարկում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը։