«Սերժ Սարգսյանը չի թողնի, որ Կարեն Կարապետյանը վարչապետ դառնա». Գուրգեն Եղիազարյան

«Ունենք նախագահ, որը ոչ մի լիազորություն չունի, ունենք վարչապետ, որը պետք է ղեկավարի երկիրը, բայց այնքան կղեկավարի, որքան կցանկանա ԱԺ-ն, որն այսօր ձևավորում է Սերժ Սարգսյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

Ըստ նրա՝ գուցե Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ընտրություններում առաջին տեղում չլինի, բայց իշխանությունը կպահի՝ այլ ուժերի հետ թիմ կազմելով։ Գ. Եղիազարյանը վստահ է՝ եթե այսպես շարունակվի, մեր երկիրը կղեկավարի ՀՀԿ-ն, որի գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը։

«Այս Սահմանադրությունը հատուկ գրվեց։ Մենք ընտրել ենք կառավարման մի բլոկ, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում: Կձևավորվի գաղտնի ԱԺ, տարբեր անունների ներքո մարդիկ կմտնեն ԱԺ, մի բռունցք կդառնան, ու Սերժ Սարգսյանը կխփի այնքան, որքան կուզի՝ 50-60 տոկոս։ Մենք դա ուշ կիմանանք։ Ես գիտեմ, որ Կարեն Կարապետյանի կողմնակիցները շատ են, բայց գնալու են ձայն տան ՀՀԿ-ին։  Ձայները քիչ հավաքելով՝ Սերժ Սարգսյանը կարող է ասել՝ Կարեն ջան, դե, 20 տոկոսով չկարեցանք քեզ վարչապետ նշանակել»,- նշեց Գ. Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ եթե Սեյրան Օհանյանի գլխավորած ուժն ու ԲՀԿ-ն միանան, ապա մենք այլ Հայաստանում կապրենք, եթե չմիանան, մենք կշարունակենք ապրել գաղջ մթնոլորտում և չորացող գետի պայմաններում:

««Բարգավաճ Հայաստանի» մասով վերապահումս միայն շտաբի պետ Իշխան Զաքարյանն է: Նա միակ ընդդիմադիրն է, որն արձակուրդ է վերցնում իշխանական պաշտոնից և գնում-աշխատում է ընդդիմադիրների համար։ Հիմա կվերցնեն նրա վերջին մեկ տարվա ստուգումներն ու կգրեն վրեն, իրենց հսկողության տակ կառնեն, նրա կինը չորս դպրոց է սեփականաշնորհել, բայց այժմ կնոջն էլ չեն ձերբակալում»,- նշեց Գ. Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական Ժամանակ» թերթը Երևանի քաղաքապետարանից օրեր առաջ փորձել էր  տեղեկանալ, թե Իշխան Զաքարյանի կնոջ՝ քաղաքապետարանի Հանրակրթության վարչության  պետ Գայանե Սողոմոնյանի կողմից 2009 թվականից՝ այդ պաշտոնում նշանակվելուց հետո, քանի՞ դպրոց է սեփականաշնորհվել, և արդյոք տիկին Սողոմոնյանը սեփականաշնորհված դպրոցներում մասնաբաժին ունի՞, թե՞ ոչ։ Քաղաքապետարանի լրատվական բաժինը պատասխանել էր, ըստ որի՝ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցների շենքերը եղել և շարունակում են մնալ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության տնօրինման տակ, հետևաբար՝ դրանց հետ կապված գործառույթները ևս կարող են իրականացվել բացառապես տվյալ կառույցի կողմից։ Գայանե  Սողոմոնյանը չի հանդիսացել և չի հանդիսանում որևէ դպրոցի շենքի ամբողջական կամ մասնակի սեփականատեր»։

Ինչ վերաբերում է «Վարդանանք» կրթահամալիրի հետ Գ. Սողոմոնյանի առնչությանը, քաղաքապետարանը տեղեկացրել է, որ նա հանդիսանում է տվյալ կրթահամալիրի հիմնադիրը, ինչն օրենքով արգելված չէ։ «Կրթահամալիրի շենքի հետ կապված էլ, տեղեկացնում ենք, որ այն վարձակալվել է 2013 թվականին «Անժելա Հարությունյանի անվան Ալմանախ կրթահամալիր» ՍՊԸ-ից»,- հավելել է քաղաքապետարանը:

Խոսելով Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի քաղաքական անցյալի մասին՝ ասուլիսի բանախոս Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ միայն Սերժ Սարգսյանին է ձեռնտու, որ անընդհատ հիշեն նախկին պաշտոնյաների անցյալը։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը վերջին ճիգերն է գործադրում կրկին իշխանության մնալու.

«Սերժ Սարգսյանը չի թողնի, որ Կարեն Կարապետյանը վարչապետ դառնա: Սերժ Սարգսյանը կնստի սև շենքում և կղեկավարի՝ որպես Լեոնիդ Իլյիչ Բրեժնև, ոչ մի բան չի անի ու միայն կպահանջի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս