Ծառուկյան դաշինքի առանցքը ԲՀԿ-ն է լինելու. Բանակցությունները շարունակվում են

Գագիկ Ծառուկյան դաշինքի դուռը թակողների թիվը հետզհետե մեծանում է։ Նախկին բարգավաճականների, ՎՍԴՀԿ-ական Լյուդմիլա Սարգսյանի և այլոց կողքին՝ Գագիկ Ծառուկյանի որոշմանն են սպասում մի շարք նախկին հանրապետականներ։ Այդ հերթում վերջինը նախկին ՀՀԿ-ական, օդիոզ կերպարներից մեկը համարվող Վարդան Ղուկասյանն է, ով այսօր հայտարարել է Ծառուկյան դաշինքին միանալու և խորհրդարանի ընտրությանը մասնակցելու մասին: Իսկ թե, ի վերջո, ե՞րբ հայտնի կլինի Ծառուկյան դաշինքի կազմը, դեռ պարզ չէ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ, քանի դեռ ընթանում են բանակցություններ, և ամեն ինչ վերջնականապես որոշված և համաձայնեցված չէ, բանակցությունների ընթացքի վերաբերյալ ինքն անձամբ որևէ տեղեկատվություն չի տրամադրելու։ Ըստ նրա՝ բանակցությունների համար հստակ ժամկետ սահմանված չէ.

«Մենք հասկանում ենք, որ կաշկանդված ենք ԿԸՀ հայտարարած ժամանակացույցով, փետրվարի 6-16-ն առաջադրումների վերջնաժամկետն է։ Վստահ եղեք, որ օրենքի շրջանակում կհայտարարվի դաշինքը, և տեղի կունենան ընտրական գործընթացները։ Բայց քանի դեռ գնում են բանակցություններ տարբեր քաղաքական ուժերի և անհատ գործիչների միջև, գոնե ինձանից, ինչքան էլ ես իրազեկ լինեմ, դուք չեք լսելու որևէ կուսակցության և որևէ գործչի անուն, որի հետ ընթանում են բանակցություններ»։

Պատասխանելով հարցին, թե Գ.Ծառուկյանի հայտարարած «լայն կոնսոլիդացիան» ստացվո՞ւմ է, Ն.Զոհրաբյանը կրկնեց, որ բոլոր հարցերին կպատասխանի բանակցությունների ավարտից հետո. «Ով ինչ է ասում, ով ինչ հայտարարություն է տալիս, քանի դեռ ամեն ինչ վերջնականապես բանակցված, ճշգրտված և համաձայնեցված չէ, որևէ անուն ինձանից չեք լսելու, որքան էլ ես բոլոր գործընթացներին տեղյակ եմ»։

Կարդացեք նաև

Թե ե՞րբ կկայանա ԲՀԿ համագումարը, Ն.Զոհրաբյանի խոսքով, առայժմ նույնպես որոշված չէ։ Ըստ նրա՝ ԲՀԿ-ականների առաջարկը Ծառուկյանին՝ պարտադիր վերադառնալ և գլխավորել կուսակցությունը, ուժի մեջ է, քանի որ հասկանալի է, որ դաշինքի առանցքը ԲՀԿ-ն է լինելու։ Ն.Զոհրաբյանի կարծիքով՝ Գ.Ծառուկյանն առաջիկայում համագումարի ժամկետները կհստակեցնի։

Տեսանյութեր

Լրահոս