
«Վրաստանի էներգետիկայի նախարարությունը չի հրապարակի «Գազպրոմի» հետ համաձայնագիրը». Կալաձե

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել՝ հրապարակելու Հայաստան գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմի» հետ համաձայնագիրը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Կալաձեի խոսքով՝ հրապարակման մասին որոշումը պահանջում է երկկողմ համաձայնություն։
«Ինչ վերաբերում է հրապարակմանը, կոնկրետ վրացական կողմը չի կարող որոշել, թե հատկապես ինչ մանրամասներ պետք է հրապարակվեն։ Դա պետք է տեղի ունենա երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Ինչպես ես արդեն ասել եմ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, ստացվում են տարբեր նամակներ, թե պետք է հրապարակվի SOCAR-ի, «Շահ Դենիզի» մասին համաձայնագրերը։ Կարծում եմ՝ դա ճիշտ չէ, քանի որ նման համաձայնագրերը նորմալ, զարգացած երկրներում կոմերցիոն գաղտնիք են»,- ասել է Կալաձեն՝ նշելով, թե «Գազպրոմի» հետ համաձայնագիրն արդեն ստորագրվել է։
Վրացական կողմն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել էին նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բացասաբար էր գնահատել նոր պայմանագիրը, որը իր երկիրը կնքել է «Գազպրոմի» հետ և որը ենթադրում է դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց
Ավելի վաղ Վրաստանը ստանում էր Հայաստան ռուսական գազի տարանցման ծավալի 10 տոկոսը։