
Եվրահանձնաժողովը հորդորել է սոցցանցերին՝ միջոցներ ձեռնարկել ապատեղեկատվության դեմ պայքարում

Եվրոպական հանձնաժողովի՝ միասնական թվային շուկայի հարցերով փոխնախագահ Անդրուս Անսիպը հորդորել է սոցիալական ցանցերին, մասնավորապես, Facebook-ին, ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել կեղծ նյութերի հայտնվելու դեմ պայքարում:
«Ես, ինչպես եւ բոլոր մարդիկ, անհանգստացած եմ կեղծ նյութերի տարածման կապակցությամբ, մասնավորապես, ԱՄՆ-ի ընտրություններից հետո»,- հայտարարել է նա Financial Times թերթին տված հարցազրույցում:
«Ես իսկապես հավատում եմ ինքնակարգավորիչ միջոցներին, բայց եթե հարկ լինի պարզաբանումներ տալ, մենք պատրաստ ենք դրանք տրամադրել»,- հավելել է նա:
Անսիպի հայտարարությունները հնչել են Facebook սոցիալական ցանցի հասցեին այն քննադատության ֆոնին, որն արվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո տարածված ստահոդ նորությունների կապակցությամբ: Ընտրություններից առաջ եւ դրանցից հետո մի քանի շաբաթվա ընթացքում այնպիսի սոցցանցերում, ինչպիսիք են՝ Facebook-ը եւ Twitter-ը, հայտնվել են բազմաթիվ ստահոդ նորություններ՝ նվիրված ամերիկյան ընտրություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: