
«Մարտիկ» հիմնադրամը 2002 թվականից տնօրինել է ՊՆ պաշտոնյան

«Մարտիկ» հիմնադրամի մութ գործունեության էջերի մասին բազմիցս է խոսվել: Ինչպես ենթադրվում էր՝ այդ ամենը չէր կարող իրականացվել առանց բարձր ու հանցավոր հովանավորության: Պարզվում է` «Մարտիկ» հիմնադրամը տարիներ շարունակ տնօրինվել է Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանի կողմից: Ավելին` վերջինս այն տնօրինել է ոչ կամավորության սկզբունքով` աշխատանքի դիմաց ստանալով համապատասխան աշխատավարձ:
Էլ ավելի տարօրինակ է, որ այս ամենը դեռ չի կանխվել, մինչդեռ վստահ եմ` ՊՆ-ում տեղյակ են, որ համաձայն ՊՆ իրավաբանական վարչության պետի պաշտոնի անձնագրի՝ վերջինս քաղացիական ծառայող է, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից:
Ակամա հարց է առաջանում. ՊՆ-ում տեղյակ չե՞ն ՀՀ օրենսդրության պահանջներին, թե՞ օրենքը չի տարածվում «Մարտիկ» հիմնադրամի տնօրենի և ՊՆ իրավաբանական վարչության պետի՝ Սեդրակ Գերասիմի Սեդրակյանի վրա:
Հուսամ՝ այս հաղորդագրությունն անպատասխան չի մնա (ինչպես իրեն ուղղված իմ նամակը մնաց անպատասխան), հակառակ պարագայում հետևությունները կլինեն խիստ անձնավորված:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ