Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիային և դուրս մնաց հետագա պայքարից
Քիչ առաջ Լատվիայի Ելգավա քաղաքում ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Լատվիայի հավաքականների միջև:
Առաջին խաղակեսն ավարտվեց լատվիացիների հաղթանակով 1:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ Արթուր Երոֆեևը: Երկրորդ խաղակեսում նույն Երոֆեևը ևս մեկ անգամ գրավեց մեր հավաքականի դարպասը՝ այս անգամ տուգանային հարվածով: Խաղավարտից 1.5 րոպե առաջ Գարեգին Մաշումյանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1:2:
Մեր հավաքականը մտցրեց 5-րդ խաղացող, սակայն լատվիացիներն օգտվեցին մեր թիմի սխալից, և Անդրեյ Ալեքսեևը ևս մեկ անգամ գրավեց Հայաստանի հավաքականի դատարկ դարպասը: Հանդիպման վերջին րոպեներին, փորձելով կասեցնել մրցակցի գրոհը, Սարո Մարդանյանը գրավեց սեփական դարպասը: Լատվիայի հավաքականը հաղթեց 4:1 հաշվով և խմբում գրավեց առաջին տեղը՝ դուրս գալով հաջորդ փուլ:
Մեր հավաքականը, չնայած տարած 2 հաղթանակներին, բավարարվեց երկրորդ տեղով և դուրս մնաց հետագա պայքարից: