Բաժիններ՝

Մրցավարական խայտառակությունը Իսպանիայում շարունակվում է, իսկ «Բարսելոնան» հերթական միավորներն է կորցնում

Քիչ առաջ ավարտվեց Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Բետիս» – «Բարսելոնա» հանդիպումը: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով. կատալոնական ակումբը կարողացավ փրկվել պարտությունից միայն 91-րդ րոպեին Լուիս Սուարեսի խփած գնդակի շնորհիվ:

Ասել, որ սա կատալոնական ակումբի լավագույն խաղն էր, սխալ կլինի, քանի որ «Սևիլիան» ներկայացնող ակումբը արժանի խաղ էր ցուցադրում և ոչնչով չէր զիջում մրցակցին: Կարելի է ասել, որ «Բետիսը» արժանի էր հաղթանակի: Սակայն խաղի ընթացքում եղան դրվագներ, որոնք հաշվի առնելով կարող ենք նշել նաև, որ կատալոնական ակումբի կորցրած 2 միավորը կմնա խաղի գլխավոր մրցավար Ալեխանդրո Էռնանդեսի և նրա օգնականներ Թեոդորո Մագանի և Խոսե Պերեսի խղճի վրա:

Գրանցվեց 2 վիճելի դեպք, երբ պետք էր որոշել, թե արդյո՞ք գնդակը հատել է դարպասային գիծը, թե՝ ոչ: Երկու դրվագներում էլ գոլ չարձանագրվեց, սակայն տեսանյութերից և լուսանկարներից երևում է, որ գնդակը ամբողջությամբ հատել էր դարպասային գիծը և «կապտանռնագույնները» կարողացել էին արագ հավասարեցնել հաշիվը: 

Մրցավարների կայացրած երկրորդ տարօրինակ որոշումը խաղին ընդամենը 3 րոպե ավելացնելն էր այն դեպքում, երբ 2-րդ խաղակեսում խաղը դադարեցվեց մոտավորապես 8-9 րոպեով: Այս դադարներում տեղ ունեին փոխարինումները և Մարկ Անդրե Տեր-Շտեգենի վնասվածքը:

Սա առաջին դեպքը չէ, որ խոսում ենք Իսպանիայում մրցավարական խայտառակ վիճակից: Դժվար թե լինի մեկ տուր, որտեղ իսպանացի մրցավարների գործողությունները չքննադատվեն:

Մրցավարների գործողություններից դժգոհում են գրեթե բոլոր մարզիչները, իսկ տարիներ առաջ Գվարդիոլան, ով դեռ աշխատում էր Իսպանիայում, նշել էր, որ Լա Լիգայում արդեն անիմաստ է մրցավարների մասին խոսելը, քանի որ այդ խնդիրը կարծես թե անուղղելի է:

Դեռ նախորդ շաբաթ իսպանական Mundo Deportivo-ն հետազոտություն էր իրականացրել, որի նպատակն էր պարզել, թե որ թիմերին են ամենից շատ օգնում մրցավարները: Մասնավորապես ուսումնասիրվել են Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումները: Հետազոտությունը ցույց է տվել, որ Լա Լիգայում մրցավարներն ավելի շատ օգնում են մադրիդյան ակումբին:

Ըստ պարբերականի, մրցավարի կայացրած սխալ որոշումների արդյունքում մադրիդյան ակումբը ստացել է 8 միավոր: Մրցավարը չի նկատել, օրինակ, խաղից դուրս իրավիճակը, որը եղել է «Սելտայի» հետ խաղում Ալվարո Մորատայի գոլի ժամանակ: Խաղից դուրս վիճակը չի նկատվել նաև «Մալագայի» հետ խաղում Ռամոսի գոլի դեպքում: Մյուս սխալները եղել են «Էսպանյոլի» և «Դեպորտիվոյի» հետ խաղերում:

Կատալոնական «Բարսելոնան» մրցավարների շնորհիվ վաստակել է մի միավոր և կորցրել է 4 միավոր: Մրցավարական սխալներ նկատվել են «Սելտայի», «Մալագայի» և «Վիլյառեալի» հետ խաղերում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս