Բաժիններ՝

«Եթե ինձ հարցնեն, որն է ամենամեծ ձեռքբերումը, կպատասխանեմ `քառօրյա պատերազմի երիտասարդությունը». Խոսրով Հարությունյան

Հայոց բանակը մեր պետության ամենակայացած, ամենաառանցքային և կենսունակ կառույցն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Հայոց բանակի կենսագրությունն ուղղակիորեն կապված է մեր պետականության կենսագրության հետ: Ազատագրական, ֆիդայական շարժման արդյունքում վերածնվեց մարտունակ, հզոր և իր ժողովրդին նվիրյալ մի կառույց: Սա բոլորիս ձեռքբերումն է, քանզի բանակը նախ և առաջ յուրաքանչյուր քաղաքացու ուղղակի կամ անուղղակի մասնակցության արդյունք է: Յուրաքանչյուր քաղաքացի՝ երիտասարդ թե ծեր, ակամայից մասնակցում է մեր բանակաշինության գործընթացին»,- նշեց Հարությունյանը: Նա հատկապես կարևորեց հայկական բանակի մարտական ոգին, որը առավելագույն  դրսևորվեց քառօրյա պատերազմի ժամանակ:

«Յուրաքանչյուր քաղաքացի, թեպետ ցավում էր մեր հերոսների համար, սակայն մեծ հպարտություն էր ապրում, որ այսպիսի զավակներ է մեծացրել: Եթե ինձ հարցնեն, որն է ամենամեծ ձեռքբերումը, ես կպատասխանեմ `քառօրյա պատերազմի երիտասարդությունը»,- ընդգծեց Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանը կարևորեց նաև ազգ-բանակ գաղափարը: «Այսինքն` մենք բոլորս մեկ միասնականություն ենք: Մենք պետք է ապրենք բանակով, բանակը մեզնով: Ազգ-բանակը նախ և առաջ հայրենասիրության և հայրենիքի պաշտպանության կոչ է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է աշխատի երկրի անվտանգության և պաշտպանության բարձրացման համար»,- եզրափակեց Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս