Բաժիններ՝

Քննարկվել են հայ-քուվեյթյան տնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաուֆ Ալ Էնեզիին:

Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը հայտնել է ՀՀ կառավարության աջակցությունը երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական փոխգործակցությունը և կարևորել մեծ ներուժ ունեցող տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը: «Առաջիկայում ստեղծվելու է ներդրումային հիմնադրամ, ուրախ կլինենք, որպեսզի երկու երկրների ներդրումային կառույցների միջև ծավալվի ակտիվ համագործակցություն: Պատրաստ ենք Ձեր միջոցով Քուվեյթի գործարարներին ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերն ու ներդրումային ծրագրերի փաթեթները, կազմակերպել երկու երկրների տնտեսվարողների մասնակցությամբ հանդիպումներ ու քննարկումներ»,- նշել է վարչապետը: 

Կառավարության ղեկավարը դեսպանին առաջարկել է դիտարկել նաև Հայաստանի և Քուվեյթի միջև ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու հարցը:

Նաուֆ Ալ Էնեզին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն ինչ՝ հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացմանը նոր թափ հաղորդելու և դրանք էլ ավելի բարձր մակարդակի հասնցելու համար: Դեսպանը ևս կարևորել է տնտեսական կապերի խորացումը՝ ավելացնելով, որ Քուվեյթի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված կլինի հայաստանյան նոր ստեղծվելիք հիմնադրամի հետ համագործակցությամբ և ՀՀ-ում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացմամբ: 

«Պատրաստ ենք քննարկել և Քուվեյթի բիզնես հատվածին ներկայացնել ՀՀ կառավարության ներդրումային փաթեթները՝ դրանց հետագա ընթացք տալու նպատակով»,- նշել է ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպանը՝ ավելացնելով, որ Քուվեյթի էմիրի կողմից ստացել է Հայաստանի հետ բազմակողմ կապերի հետագա զարգացմանն ուղղված հանձնարարական, որի իրականացման նպատակով գործադրելու է անհրաժեշտ ջանքեր:

Երկկողմ հարաբերությունների առաջխաղացման գործում զրուցակիցները կարևորել են նաև միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս