Հայ համայնքը պետք է իր առաջնահերթությունները վերանայի

«Ֆրանսիայի հայ համայնքը պետք է իր առաջնահերթությունները վերանայի։ Ցեղասպանության ժխտողականության օրենքը պետք է դնենք մեր առաջնահերթությունների ցանկում՝ դրան բացարձակ առաջնահերթություն չտալով, որովհետև Սփյուռքը շատ ավելի այժմեական և շատ ավելի հրատապ լուծում պահանջող խնդիրներ ունի, ինչպիսին Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն է»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի կողմից «Հավասարություն և քաղաքացիություն» անվանումը կրող օրինագծի չեղարկմանը, օրինագիծ, որը հայկական ԶԼՄ-ներում հայտնի էր՝ որպես Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ։

Նա նշել է, որ Ֆրանսիայում մեծ իրավաբաններ կան, որոնք պնդում էին, որ այս օրինագիծը ոչ միայն անօգուտ է, այլև վտանգավոր Հայոց ցեղասպանության համար, որովհետև այս օրենքով թուրքերը և Ցեղասպանությունը ժխտողները կարող են փորձել 2001թ. Ցեղասպանության ճանաչման օրենքը տապալել, այսինքն՝ սա իրավաբանորեն վտանգավոր օրենք էր։ «Ես՝ անձնապես, իմ նման շատ մասնագետներ չենք համարել այս մեկը՝ որպես պարտություն։ Իրավաբանորեն սա անհուսալի օրենք էր, իսկ քաղաքականապես՝ անկարելի և անհնար»,- ընդգծել է Հիլդա Չոբոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս