
Հայկական Earlyone-ը՝ Eurasia Mobile Challenge-ի տարածաշրջանային եզրափակչի հաղթողների թվում

Երևանում անցկացվել է Eurasia Mobile Challenge մրցույթի տարածաշրջանային եզրափակիչը: Eurasia Mobile Challenge-ը «ՎիմպելԿոմի» կորպորատիվ պատասխանատվության «Make Your Mark» առաջադիմական ծրագրի նախաձեռնություններից է:
Մրցույթին մասնակցում էին երեքական թիմեր Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ղրղըզստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից:
Թիմերը ժյուրիի անդամներին ներկայացրեցին իրենց ելույթները, իրենց գաղափարներն ու զարգացման հնարավորությունները: 24 թիմերն իրենց գաղափարները ներկայացրին 11 հոգուց բաղկացած ժյուրիի անդամներին, որոնց կազմում էին համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջազգային և տարածաշրջանային թվային ոլորտի ձեռներեցներ, գլոբալ ինվեստորներ և «ՎիմպելԿոմի» բարձրաստիճան ղեկավարներ:
«ՎիմպելԿոմի» «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագծի սկզբնական փուլերում Հայաստանից մասնակցում էր 58 թիմ, որոնցից եզրափակիչ էին անցել երեքը՝ Earlyone-ը, Terreva-ն և Certifire-ը:
Eurasia Mobile Challenge-ի տարածաշրջանային եզրափակչում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց հայկական Earlyone-ը: Այս ստարտափն օգնում է բանկային և ֆինանսական, առողջապահական և բժշկական, հեռահաղորդակցության և հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին՝ կրճատել հաճախորդների՝ սպասելու ժամանակը՝ այդ միջոցով խնայելով մեծ գումարներ: Հայկական ստարտափի ծառայություններից արդեն իսկ օգտվում են մի շարք կազմակերպություններ, պետական հաստատություններ, բանկեր:
Հայկական ստարտափը ստացել է 15,000 դոլար:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց ռուսական ConfBot-ը, իսկ երրորդ հորիզոնականում է Վրաստանը ներկայացնող Treepex-ը:
«ՎիմպելԿոմի» Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխայիլ Գերչուկը նշում է, որ այս տարի մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը կրկնապատկվել է:
«Որպես ընկերություն՝ մեր նպատակն է՝ տեսանելիություն հաղորդել իրենց տեսակի մեջ լավագույն նախաձեռնություններին և նպաստել վերջնական օգտագործողների շրջանակում դրանց կիրառմանը»,- նշել է Միխայիլ Գերչուկը:
Նշենք նաև, որ տարածաշրջանային եզրափակչից հետո հաղթող թիմերը Եվրասիան կներկայացնեն Բարսելոնայում կայանալիք բջջային կապի համաշխարհային կոնգրեսի Global Mobile Challenge-ի եզրափակչում:
Սիրարփի Աղաբաբյան