
Գերմանիայի նորանշանակ արտգործնախարարն իր առաջին այցը կկատարի Փարիզ

Գերմանիայի ԱԳՆ նոր ղեկավար Զիգմար Գաբրիելը, որը այսօր ստանձնում է իր պաշտոնը, վաղը կուղևորվի Փարիզ։ Դա կլինի նորանշանակ նախարարի առաջին օտարերկրյա ուղևորությունը նոր պաշտոնում, որի ընթացքում նա իր ֆրանսիացի գործընկերոջ հետ կքննարկի Ուկրաինայի հարցն ու այլ միջազգային թեմաներ։ Այս մասին հայտնել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը։
«Վաղն առավոտյան նախարարը կուղևորվի Ֆրանսիա, որտեղ կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Մարկ Էյրոյի հետ, խոսք կգնա Եվրոպայի ապագայի մասին։ Կքննարկվի նաև միջազգային խնդիրների ողջ սպեկտը, ներառյալ՝ Ուկրաինան»,- ասել է Շեֆերը Բեռլինում լրագրողներին։
Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ազատել է արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնից և նրա լիազորությունները փոխանցել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ և երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Զիգմար Գաբրիելին: