«Ուզում եմ մասնակցել դատական նիստին, քանզի անխուսափելիորեն պարզվելու է, որ ինձ ներկայացված մեղադրանքները շինծու են ու պատվերով». Վահան Շիրխանյան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հետաձվեց 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով դատական նիստը:

Դատարան կրկին չէր ներկայացվել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը: ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետը դատարանին հայտնել էր, որ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ ՔԿՀ խցից և ուղեկցվել դատական նիստերի դահլիճ՝ այսօր նշանակված դատական նիստին մասնակցելու համար: Դատարանի գրությանն ի պատասխան՝ գրություն էր ստացվել այն մասին, որ Վահան Շիրխանյանի հիմնարկ ընդունվելիս  ՔԿՀ-ն տեղեկացել է, որ նա ունի առողջական խնդիրներ,  մշտապես գտնվել է բժիշկների հսկողության տակ և ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ քաղաքացիական հիվանդանոցներում բազմաթիվ բժշկական հետազոություններ է անցել: Գրության մեջ նկարագրված էր, թե առողջական ինչ խնդիրներ են արձանագրվել, ինչպես նաև նշվել էր, որ Վահան Շիրխանյանին անկողնային ռեժիմ չի նշանակվել:

Մեղադրողն ասաց, որ փաստաթղթերից երևում է, որ ապահովվել է Վահան Շիրխանյանի՝ առողջության պահպանման իրավունքը, նա գտնվում է բավարար վիճակում՝ նիստին մասնակցելու համար: Մեղադրողն ասաց, որ նկատի ունենալով, որ նա արդեն չորրորդ դատական նիստն է՝ չի ներկայանում դատարան, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք  է դրսևորում,  միջնորդում է քննարկել նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը:

Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում ոչ թե Վահան Շիրխանյանը, այլ քրեակատարողական հիմնարկը, քանի որ դատարանը որոշում է կայացրել բոլոր փաստաթղթերի պատճենները պահանջելու մասին, սական ՔԿՀ-ն իրեն իրավունք է  վերապահել վերախմբագրել պահանջը, որոշել է ուղարկել ոչ թե անկետաների պատճենները, այլ քաղվածքներ այդ անկետաներից: Հայկ Ալումյանի խոսքով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորվում, երբ հերթական անգամ սուտ տեղեկություններ են գրում դատարանին: Հայկ Ալումյանը միջնորդեց հետևողական լինել, պահանջել բոլոր փաստաթղթերը և հետազոտել դրանք, ոչ թե դրանց վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և բանտապետի մեկնաբանությունները ներկայացվեն:

Հայկ Ալումյանն ընթերցեց Վահան Շիրխանյանի հայտարարությունը: «Չորրորդ անգամ հայտնում եմ, որ մեկուսարանում ձեռք բերված բազմաթիվ ծանր հիվանդությունների բուժման համար 17 տեսակի 4000-ից ավելի տարբեր տեսակի հաբեր խմելուց հետո զրկվել եմ տեղաշարժվելու, ուղիղ նստելու կարողությունից: Ստացել եմ թոքերի ինֆարկտ, ուզում եմ մասնակցել դատական նիստին, քանզի անխուսափելիորեն պարզվելու է, որ ինձ ներկայացված մեղադրանքները շինծու են ու պատվերով, սակայն ՔԿՀ-ն մերժում է ինձ պատգարակով, սայլակով տեղափոխել՝ միտումնավոր ձախողելով նիստերին ներկայանալս:

Միտումնավոր մերժվել են նաև ինձ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջները, միջնորդությունները՝ վախենալով, որ հանկարծ կբացահայտվեն առողջ մարդուն հաշմանդամ դարձելու միտումնավոր գործողությունները: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ ես կարող եմ մասնակցել դատական նիստին, սակայն միայն պառկած կամ կիսապառկած վիճակում»,- հայտնել էր Վահան Շիրխանյանը:

Նա նշել էր, որ հունվարի 25-ից դադարել է ընդունել բոլոր դեղերը, այդ թվում՝ հակաթրոմբային, քանի որ վերադասից իր մոտ ուղարկված բոլոր բժիշկները կատարել են իրեն առողջ հայտարարելու պատվերը:

Դատական նիստի ավարտից հետո հանցավոր խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանն ասաց, որ հայտարարություն կանի, որում պարզ կնշի ճշմարտությունը, իրականությունը: «Այս ամեն ինչը միայն վախի մթնոլորտ ստեղծելն է, որ հասկանանք, որ բոլորին են դատում Հայաստանում՝ մանուկից բռնած՝ մինչև ծեր, հիվանդ»:

Տեսանյութեր

Լրահոս