«Վրաստանը պարտվել է «Գազպրոմի» հետ կնքված համաձայնագրով». Էկոնոմիկայի նախարար
«Գազպրոմ-էքսպորտի» հետ Հայաստանի գազի տարանցման վերաբերյալ վերջին համաձայնագիրը «պարտություն» կարելի է որակել տնտեսական տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում։
«Տնտեսական մասով, համեմատած այսօրվա իրավիճակի հետ, մենք պարտվել ենք։ Դա հաղթանակ չէ տնտեսական առումով։ Բայց, երբ մենք համաձայնագիր ունենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ (Ադրբեջան), որը ստանձնում է մեզ կոմերցիոն գնով գազ մատակարարելու պարտավորությունը, մեր կախվածությունը ռուսական գազմից հավասար է զրոյի»,- հայտարարել է Գախարիան։
Միևնույն ժամանակ, Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Իրակլի Խմալաձեն նշել է, որ ներկայումս «Գազպրոմ-էսպորտի» հետ բանակցություններ են ընթանում փաստաթղթի մանրամասների հրապարակման վերաբերյալ։
Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ավելի վաղ հայտարարել էր, թե «Գազպրոմի» հետ Հայաստան գազամատակարարման վերաբերյալ կնքված համաձայնագիրն առևտրային գաղտնիք է։
Մինչ օրս Վրաստանի կառավարությունը հրաժարվել է հրապարակել նոր պայմանագրի մանրամասները, որի համաձայն՝ փոխվել է Հայաստան գազի տարանցման վճարի բազմամյա պրակտիկան։
Վրացական կողմն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել էին նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց։
Ավելի վաղ Վրաստանը ստանում էր Հայաստան ռուսական գազի տարանցման ծավալի 10 տոկոսը։