Ռուսական 200 միլիոն դոլարի վարկով մատակարարվող զինատեսակների մի մասն արդեն Հայաստանում է. Վիգեն Սարգսյան

«Անցյալ տարին և վերջին ամիսները նշանավորվեցին հատկապես առաջնագծի՝ տեխնիկական միջոցներով համալրման շատ կարևոր աշխատանքով: Խոսքը վերաբերում է ինչպես դիտարկման սարքերին, այնպես էլ համապատասխան գիշերային օպտիկական հնարավորությունների ստեղծման համար՝ նախատեսված հետևելու և կրակ վարելու նպատակով»,-  այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«200 մլն-ի հետ կապված չեմ կարող բացել ցանկը, որովհետև այն հույժ գաղտնի է և ուղղակիորեն կարող եմ խախտած լինել: Բայց կարող եմ ասել, որ նրա մի մասը, ինչ նախատեսված էր 200 մլն-ով, արդեն գտնվում է Հայաստանում, արդեն մատակարարված է զինված ուժերին և դրված է ծառայության: Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ մեր կնքված ժամանակացույցերի, և մենք հետամուտ ենք լինելու՝ հնարավորինս արագ ստանալ ամբողջ ծավալները, որովհետև դա ուղիղ կապ ունի մեր մարտունակության հետ»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ շարունակելու են երկխոսությունը ռուսական կողմի հետ՝ ծրագրի շարունակության վերաբերյալ:

«Մենք փնտրում ենք բոլոր հնարավորությունները, ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ  գործընկեր երկրների հետ՝ համալրելու մեր զինված ուժերն անհրաժեշտ սպառազինություններով»,- ասաց պաշտպանության նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս