
Շվեդիան նախազգուշացրել է Թուրքիայում նոր ահաբեկչության մասին

Շվեդիան իր քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիայում հնարավոր նոր ահաբեկչության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Թուրքիայում Շվեդիայի դեսպանությունից այդ երկրի քաղաքացիներին հայտնել են այն մասին, որ ունեն տեղեկություններ Անկարայի Քըզըլայ հրապարակում հունվարի 26-27-ը հնարավոր ուժեղ ահաբեկչության վերաբերյալ: Այս առնչությամբ դեսպանությունից Շվեդիայի քաղաքացիներին հորդորել են հեռու մնալ Քըզըլայ հրապարակի տարածքից:
Հիշեցնենք, որ նախօրեին նման հայտարարություն էր տարածել Միացյալ Նահանգները: ԱՄՆ պետդեպի կայքում հրապարակված հայտարարության մեջ կոչ էր արվում քաղաքացիներին խուսափել Թուրքիա, մասնավորապես Ստամբուլ և այդ երկրի հարավ-արևելյան նահանգներ այցելելուց: Պետդեպից հայտնել էին, որ Թուրքիայում ավելացել են հակաամերիկյան տրամադրությունները, ուստի ԱՄՆ քաղաքացիները կարող են թիրախավորվել տարբեր խմբերի կողմից: Պետդեպը հորդորել է քաղաքացիներին խուսափել հարավ-արևելյան Թուրքիա այցելելուց, մասնավորապես թուրք-սիրիական սահմանից, հեռու մնալ մարդաշատ վայրերից և հատկապես զբոսաշրջային հայտնի ո ւղղություններից, քաղաքական հավաքներից և ցույցերից: