Բաժիններ՝

Քրեակատարողական հիմնարկում բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու գործով նոր հանգամանքներ են ներկայացվել. ՀՔԱՎ

2017թ. հունվարի 25-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Ա. Մաթևոսյանի, շարունակվեց «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արմեն Շամիրյանի կողմից ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու ՀՀ ՀՔԾ քննիչ Գ. Բեգոյանի 2015 թ. դեկտեմբերի 23-ի որոշման դեմ Ա. Շամիրյանի և վերջինիս պաշտպաններ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի ու Կազմակերպության կողմից ներգրավված փաստաբան Տիգրան Սաֆարյանի բողոքի քննությունը:

Դատական նիստին ներկա էին Արմեն Շամիրյանը, վերջինիս ներկայացուցիչ Արայիկ Զալյանը և ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Գ. Բեգոյանը:

Ի լրումն ներկայացված դիմումի՝ Արայիկ Զալյանը ներկայացրեց դիմումի լրացում, որով հիմնավորեց, որ քննությունը կատարվել է բազմաթիվ թերություններով ու բացթողումներով: Մասնավորապես՝ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՔԿՀ ղեկավարությունը չի ժխտում Ա. Շամիրյանի կողմից, հսկողության շրջանցմամբ, քրեակատարողական հիմնարկ բջջային հեռախոսներ բերելու հանգամանքը, բայց և քննությամբ չի հաստատվել արտանետման կամ այլ եղանակով բջջային հեռախոսների փոխանցումը:

Այս պայմաններում ակնհայտ է, որ քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով աշխատակիցները թերացել են իրենց աշխատանքը կատարելիս, ինչին ևս պետք է իրավական գնահատական տրվի: Վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել Արմեն Շամիրյանի ընտանիքի անդամների և գործով ներգրավված այլ անձանց (որոնք մասնակից են եղել քրեակատարողական հիմնարկ բջջային հեռախոսներ և այլ իրեր տեղափոխելուն) միջև առերես հարցաքննություններ կազմակերպելու, ինչպես նաև բջջային հեռախոսները հայտնաբերելու ուղղությամբ:

Վկայակոչելով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի զեկույցի տվյալները՝ Ա. Զալյանը նշեց, որ վերոնշյալ հանցագործության դեպքը բնութագրական է ՀՀ քրեակատարողական համակարգի համար. որպես կանոն՝ՔԿՀ և ՔԿՎ ղեկավարության կողմից պատշաճ քննություն չի իրականացվում դրանց բացահայտման ուղղությամբ, ինչը հիմք է տալիս պնդելու, որ համակարգի մեծ թվով աշխատակիցներ ներգրավված են դրանցում:

Եվ այս դեպքում քննչական մարմնի կողմից ոչ օբյեկտիվ գնահատական է տրվել՝ արժանահավատ համարելով միայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ցուցմունքները: Վարույթն իրականացնող մարմնի կողմից այլ քննչական գործողություններ չեն իրականացվել: Հայցվոր կողմին լսելուց հետո Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ այն նշանակելով 2017 թ. փետրվարի 20-ին՝ ժամը 12:30-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս