Բաժիններ՝

«Հպարտացե´ք ձեր զավակներով, սիրելի´ մայրեր, ձեր զավակներն անմահացել են` գիտակցված մահն ընտրելով». Մանվել Գրիգորյան

Հայոց ազգային բանակը 25 տարեկան է: Սա պարծանքի եւ հպարտության առիթ է:
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ հայ ազգին ու հայոց պետականությանը Բանակի օրվա կապակցությամբ:

Մեր նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում, երկրապահ կամավորական ջոկատների հենքի վրա` կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմելով ու ամրանալով երկրապահ հայորդիների արյամբ ու անձնազոհությամբ:

Երկապահ կամավորականության մարտնչող ոգուց եւ հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել այնպես, ինչպես մեր հարազատ զավակին` նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում: «Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում»,- խոսելով  բանակի  մասին` ասում էր  բանակի հիմնադիր, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը:

Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում, որը Հայաստանի Հանրապետության  ամենակայացած կառույցներից է, ծառայելը` պատասխանատվություն  է ու պատիվ:

Ահա այս վեհ նպատակի իրականացմանն են ուղղված պետական եւ հասարակական կառույցների եւ Երկրապահ կամավորականների միության համագործակցության բոլոր ծրագրերը, ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, որոնցով սկսվում են նոր սերնդի, պատանի երկրապահ կամավորականների ռազմահայրենասիրական դաստիարակության առաջին քայլերը:

Բանակի օրվա եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 25-րդ տարեդարձի առիթով Եռասերունդ երկրապահի անունից շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, բանակի կազմավորման տարիներին զոհված, անհայտ կորած մեր հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, հատկապես մեր մեծ մորը` Գրետա մայրիկին, Հանրապետության զինված ուժերին` շարքայինից մինչ նախարար եւ գերագույն գլխավոր հրամանատար:

Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության եւ ազատագրված Արցախի սահմանները պաշտպանող զորքերին, սահմանապահ հայ ժողովրդին:

Շնորհավորում եմ նաեւ հայոց պետականությունն  ու խաղաղությունը այսօր պաշտպանող զինվորների ծնողներին, մայրերին, բոլոր զինծառայողների հարազատներին: Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ թշնամու դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակված քաջերի ծնողներին, նախորդ տարվա ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներին եւ ներողություն եմ խնդրում, որ առայժմ չենք կարողանում իսպառ բացառել ցավալի կորուստները: Հպարտացե´ք ձեր զավակներով, սիրելի´ մայրեր, ձեր զավակներն անմահացել են` գիտակցված մահն ընտրելով:

Շնորհավորանքներս նաեւ Արցախի ժողովրդին, ղեկավարությանն ու պաշտպանության բանակի հրամանատարությանը:

Յուրահատուկ շնորհավորանքներս նոր սերնդի դաստիարակությամբ զբաղվող մեր ուսուցիչներին ու դասախոսներին, մեծ է ձեր ավանդը ազգային բանակի  համալրման գործում:
Միասնական ժողովուրդն ու հզոր եւ մարտունակ բանակն են երկրի խաղաղության ու կայունության երաշխիքը: Այդ խաղաղության ու կայունության համար նահատակվեցին մեր քաջարի մարտընկերները: Արժանի ու պաշտպան լինենք մեր նահատակ մարտընկերների պատգամին, միասնական եւ արժանավայել շարունակենք դիմակայել նոր մարտահրավերներին, հավատանք  ինքներս մեզ, մեր պետությանը, մեր բանակին, մեր նոր սերնդին, մեր երեխաներին, ովքեր երիտասարդ ու պատանի երկրապահների կեցվածքով համալրում են մեր բանակի շարքերը, դառնում մեր երկրի պահապանն ու տերը, ամրապնդում հավատն ու վստահությունը վաղվա օրվա  հանդեպ:

Ջերմ շնորհավորանքներս Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքների բնակիչներին, որ գիտակցաբար վտանգում են իրենց կյանքը, բայց նպաստում են հայրենիքի շենացմանը, հզորացմանը, ամրապնդմանը: Այս տարածքների բոլոր բնակիչները` նորածնից մինչեւ հարյուր տարեկան, սահմանապահ են, երկրապահ են:

ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Եռասերունդ երկրապահի եւ իմ անունից մեկ անգամ  եւս շնորհավորում եմ  հայ ժողովրդին  բանակի օրվա առթիվ, մաղթում հավատ ու վստահություն սեփական ուժերի հանդեպ, մաղթում եմ միասնականություն, քանզի միասնական հայությունն անպարտելի է:

Փա´ռք Հայոց հաղթանակած բանակին, փա´ռք հայ ժողովրդին, հավե´րժ փառք հայրենիքի համար նահատակված հայորդիներին:

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս